Բաժին. Սոցիալական

Beeline. Վայոց Ձորի մարզում բացվեցին «Երեխաների զարգացման անկյուններ»

Beeline-ը Մանկական զարգացման հիմնադրամի հետ համատեղ հայտարարում են Վայոց Ձորի մարզի, քաղաք Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցում և Վայքի թիվ 1 մանկապարտեզում «Beeline երեխաների զարգացման անկյունների» բացման մասին:

Երեխաների զարգացման անկյունները բացվել են «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում՝ նպատակ ունենալով խթանել ներառական կրթության զարգացումը Հայաստանի մարզերում և Երևանում: Ծրագրի շրջանակում ներառական կրթությամբ զբաղվող մասնագետներն անցել են վերապատրաստման բարձրակարգ դասընթացներ և խորհրդատվություն: Բացված  կենտրոնները զինվել են հատուկ զարգացնող խաղերով և գրականությամբ, երեխաներին տրամադրվել են Մանկական զարգացման հիմնադրամի կողմից արտադրված զարգացնող խաղեր։

Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը բացման արարողության ժամանակ ողջունեց հյուրերին, շնորհավորեց ողջ ուսուցչական անձնակազմին, երեխաներին, ծնողներին և նշեց. ««Beeline–ը ողջունում և կարևորում է այն ծրագրերի իրականցումը, որոնք օգնում են  երեխաներին և երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը: Կրթվելու և զարգանալու պայմանները պետք է հավասար լինեն յուրաքանչյուր երեխայի համար, սակայն մենք պետք է մի փոքր ավելի ուշադիր լինենք հատուկ կարիքներով երեխաների հանդեպ։ Համապատասխան ուսումնական պայմանների ապահովումը և ներառական կրթության որակի բարձրացումն առանցքային նշանակություն ունեն նրանց մտավոր ներուժի զարգացման գործընթացում»:

«Մանկական զարգացման հիմնադրամը» կարևորում է  կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառումը: Ներառական կրթության զարգացմանն ուղղված բազմաթիվ  անելիքներ կան, և  դրանց իրականացումը մեծ ջանքեր է պահանջում: Հատկանշական է,  որ մեր գործընկեր Beeline-ը կարևորում  է  նման ծրագրերի նախաձեռնումը  և խթանում  է դրանց իրականացումը հատկապես մարզերում, իսկ նման ծրագրերը փոխում են հասարակության վերաբերմունքը մարդկանց առանձնահատկությունների նկատմամբ», – ասաց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։

Նշենք, որ Beeline-ը համագործակցում է Մանկական զարգացման հիմնադրամի հետ  2011 թվականի ապրիլից։ Համագործակցության շրջանակում ստեղծվել է հատուկ կարիքներ ունեցող երեխաներից և հանրակրթական դպրոցներում սովորող երեխաներից բաղկացած «Մենք ենք» թատերախումբը: Թատերախմբի սաների համար անց են կացվում հատուկ միջոցառումներ և արտ–թերապիայի դասընթացներ, որոնք նպաստում են հատուկ կարիքներ ունեցող երեխաների ինտեգրմանը հասարակություն։ «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում բացվել են «Beeline երեխաների զարգացման անկյուններ»։ Հիմնադրամին տրամադրվել «0-8000-1007» վստահության հեռախոսահամարը։

Share