Բաժին. Սոցիալական

Վիվասել-ՄՏՍ․ արտաքին լուսավորությամբ են ապահովվել Սյունիքի մարզի Նժդեհ և Ցղունի գյուղական համայնքները

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը,  ընդլայնելով համատեղ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» ծրագրի աշխարհագրական  շրջանակը, նախաձեռնել են Սյունիքի մարզի Նժդեհ համայնքի արտաքին լուսավորության ապահովումը:  Նժդեհ և Ցղունի գյուղերն ընդգրկող համայնքում տեղակայվել է 43 կետից բաղկացած լուսադիոդային (LED) համակարգ: Համայնքը երկար տարիներ չի ունեցել արտաքին լուսավորություն: Այժմ այստեղ փողոցների 80%-ն (մոտ 1420 մ տարածություն) ապահովված է լուսավորությամբ:

Համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Նժդեհ համայնքի ղեկավար Գեղամ Օհանյանը և համայնքի բնակիչներ:

Նախիջևանի հետ սահմանակից Նժդեհ գյուղական բնակավայրն ունի 185 բնակիչ: 1989-1992թթ. այստեղ բնակություն են հաստատել Ադրբեջանից բռնագաղթված և Սիսիանի տարածաշրջանի բնակավայրերից տեղափոխված հայերը։ Բացառապես համայնքային բյուջեով ծրագրեր իրականացնելն իրատեսական չէ. համայնքի զարգացման համար կարևոր են երկարաժամկետ արդյունավետություն ապահովող ծրագրերը:

«Հանրապետության հինգ մարզում իրականացնում ենք «Այլընտրանքային էներգիա» ծրագիրը: Դրանից օգտվում են աջակցության մեծ կարիք զգացող սահմանամերձ, հեռավոր գյուղերի մեր հայրենակիցները: Ծրագիրը, որի արժեքն ավելի քան 207 մլն դրամ է, հնարավորություն է տալիս ամբողջությամբ լուծելու մի քանի գյուղի խնդիր: Մենք, սակայն, ընտրել ենք մեկ այլ՝ շատերին օգտակար լինելու մոտեցումը: Դա կարևոր է ոչ միայն մեր հայրենակիցների շրջանում վաղվա օրվա հանդեպ հույս, հավատ, լավատեսություն արթնացնելու, այլև համայնքին ֆինանսական ռեալ աջակցություն դրսևորելու՝ բյուջեում  խնայված միջոցներ ապահովելու առումով: Այս կերպ մենք ապահովում ենք ծրագրի բուն՝ բնապահպանական,  սոցիալական, տնտեսությունների զարգացման նպատակը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Բնապահպանական և էներգաարդյունավետ LED լուսավորությունն 80%-ով կնվազեցնի էներգիայի ծախսը: Ամռանը փողոցը լուսավորված կլինի 22:00-ից մինչև 01:00-ը, իսկ ձմռանը՝ 18:30-ից մինչև կեսգիշեր: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր: LED լամպերն արդյունավետ են, դիմացկուն և կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել, քան սովորական էլեկտրական լամպերը:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը չափազանց կարևոր են համարում բնության պահպանության գործում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը՝ ի նպաստ շրջակա միջավայրի կենսունակության, էներգախնայողության բարձրացման և համայնքային զարգացման:

«Այլընտրանքային էներգիա» ծրագրի նպատակը այլընտրանքային էներգիայի աղբյուրների՝ արեգակնային ջեռուցման և փողոցների լուսավորություն LED համակարգերի կիրառմամբ շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելելն է: Այս տարի ծրագիրն իրականացվում է Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում: Քանի որ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ պաշար՝ այլընտրանքային էներգիայի և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը և նպաստել բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:

Share