Բաժին. Սոցիալական

Իշխան Զաքարյան. սոցիալական փաթեթի հանգստի կազմակերպման մասով հայտնաբերել է շուրջ 300 մլն դրամի տարբեր խախտումներ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ս.թ. մարտի 24-ին կառավարության ղեկավարը առաջարկել էր Վերահսկիչ պալատին ուսումնասիրություն կատարել սոցփաթեթի հանգստի կազմակերպման բաղադրիչի վերաբերյալ: Այսօրվա նիստում ուսումնասիրության արդյունքը ներկայացրել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

Իշխան Զաքարյան – Մեծարգո պարոն վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, 2016թ. մարտի 24-ին ՀՀ վարչապետը հանձնարարական իջեցրեց մի շարք գերատեսչությունների և առաջարկեց Վերահսկիչ պալատին, որպեսզի ուսումնասիրություն սկսենք սոցիալական փաթեթի շահառուների հանգստի կազմակերպման մասով կատարված ծախսերի հետ: Վերահսկողության ընթացքում Վերահսկիչ պալատը ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ խոշոր զբոսաշրջային համայնքներ հանդիսացող Ծաղկաձորի, Դիլիջանի, Ջերմուկի, Աղվերանի, Արզնիի, Արտավազի և Հանքավանի ընտրանքային կարգով ուսումնասիրված հյուրանոցներում և հայտնաբերել է շուրջ 300 մլն դրամի տարբեր խախտումներ: Դրանք հետևյալն են՝ Ծաղկաձոր համայնքում մենք ուսումնասիրել ենք 21 հանգստյան տներ և հյուրանոցներ և հայտնաբերել 128 մլն 681 հազար դրամի խախտում, Ջերմուկ քաղաքում՝ 13 հանգստյան տներ և հյուրանոցներ, հայտնաբերվել է 62 մլն 437 հազար դրամի խախտում, Դիլիջան քաղաքում ուսումնասիրվել է 7 հանգստյան տուն և հյուրանոց, հայտնաբերվել է 43 մլն 490 հազար դրամի խախտում, Արզական համայնքում 4 հյուրանոց և հանգստյան տուն, 27 մլն 146 հազար դրամի խախտում, Արզնի համայնքում 3 առողջարան, հայտնաբերվել է 22 մլն 717 հազար դրամի խախտում, Արտավազ համայնքում 3 հանգստյան տուն և հյուրանոց, 10 մլն 230 հազար դրամի խախտում և Հանքավանում 2 հյուրանոց և հանգստյան տուն, հայտնաբերվել է 4 մլն 314 հազար դրամի խախտում: Ընդհանուր խախտման թիվը շուրջ 300 մլն է: Սա առաջացել է հետևյալ պատճառով. ընդհանրապես պետական բյուջեից տրամադրված գումարները 2 ուղղությամբ են ծախսվում՝ առաջինը հանգստի կազմակերպման, 2-րդը՝ առողջապահության կազմակերպման, և այս առումով ծախսերը կատարվում են զբոսաշրջային օպերատորների կողմից, որոնց լիցենզավորում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Էկոնոմիկայի նախարարության տրամադրած տեղեկության համաձայն ՀՀ-ում և ԼՂՀ-ում սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկված է եղել 69 զբոսաշրջային օպերատոր, որոնցից Վերահսկիչ պալատը ուսումնասիրություն է կատարել 7 ընկերությունում և հայտնաբերել հետևյալ փաստերը: Որոշ զբոսաշրջային օպերատորներ լիարժեք չեն կատարել հյուրանոցների հանդեպ իրենց ունեցած պայմանագրային պարտավորությունները, ՀՀ պետական բյուջեից ստացված գումարները ծախսել են այլ նպատակներով, ինչի պատճառով կուտակվել են վերոհիշյալ պարտքերը:

Երկրորդ՝ ամրագրման հավաստագրերը տրված են եղել սոցիալական փաթեթի շահառուների անունով, սակայն հաճախ սոցիալական փաթեթից փաստացի օգտվել են շահառու չհանդիսացող քաղաքացիներ:

Երրորդ՝ մի խումբ զբոսաշրջային օպերատորներ թույլ են տվել սոցիալական փաթեթի գումարների ապօրինի կանխիկացման դեպքեր, ինչը հակասում է ՀՀ սահմանադրությանը և օրենքներին:

Չորրորդ՝ որոշ զբոսաշրջային օպերատորներ սոցիալական փաթեթի ծառայություններ են մատուցում, սակայն ընդգրկված չեն եղել սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ, հաշվառված չեն եղել Էկոնոմիկայի նախարարության կողմից և գործել են հաշվառված օպերատորների հետ կնքված ենթագործակալական պայմանագրերի հիման վրա, ինչը որևէ որոշմամբ ամրագրված չէ: Նշված պատճառով զբոսաշրջային օպերատորների հաշվառումը կրել է ձևական բնույթ և սոցիալական փաթեթի կարգավորման ոլորտը դարձել է ոչ բավարար թափանցիկ և վերահսկելի:

Եվ հինգերորդ՝ սոցիալական փաթեթի գումարները պետբյուջեից փոխանցվել են բանկերում բացված հաշիվներին, սակայն մի շարք բանկերի կողմից զբոսաշրջային օպերատորներին փոխանցումներ չեն կատարվել: Վերահսկիչ պալատի աշխատակիցներին տեղեկություն չի տրամադրվել՝ բանկերի կողմից հղում անելով բանկային գաղտնիքի մասին դրույթներին: Ելնելով վերոգրյալից Վերահսկիչ պալատն առաջարկում է ՀՀ կառավարությանը ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջները շրջանցելու, ինչպես նաև սոցիալական փաթեթի գումարների անօրինական կանխիկացման դեպքերը բացառելու համար լրամշակել սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչին վերաբերող դրույթները:

Վերահսկիչ պալատի նախագահը պատասխանել է նաև ՀՀ վարչապետի այն հարցին, թե ինչպես են ընթանում սոցիալական ծառայություններում կատարվող ուսումնասիրությունները: Իշխան Զաքարյանն ասել է, որ Սյունիքի, Վայոց ձորի և Շիրակի մարզերում (բացի Գյումրի քաղաքի երկու ծառայությունից) ուսումնասիրությունն ավարտվել է: Այժմ սկսվել է Գեղարքունիքի մարզի սոցծառայությունների գործունեության ուսումնասիրությունը, որն ավարտվելուց հետո 4 մարզերի արդյունքներն ամփոփ կներկայացվեն վարչապետին:

Ամփոփելով թեման, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ նախորդ նիստում, 2017-2019 թթ. միջնաժամկետ ծրագրերի նախագիծը քննարկելիս հայտարարվել էր, որ նախարարությունների առաջարկով կասեցվում է այդ գործընթացը, ինչը դարձել է բազմաթիվ հարթակներում անհիմն քննարկման առարկա: «Այդ կասեցումը բխում էր հենց այս ստուգման արդյունքից: Փաստորեն ՎՊ նախնական արդյունքների մասով դրանք իրոք կան, ուստի ճիշտ էր կասեցնելու որոշումը: Սոցիալական փաթեթը 2016թ. համար գործում է, ընթացիկ տարվա պետբյուջեով նախատեսված ծախսերն իրականացվում են, որևէ խոչընդոտ չկա: Երեք նախարարությունների հանձնարարական է տրվել, որպեսզի ներկայացնեն նոր գործիքակազմ ավելի հստակ վերահսկելու այդ գործընթացը, իսկ 2017 թ. պետբյուջեի նախագծում սոցիալական փաթեթի այդ բաղադրիչը մենք ընդգրկելու ենք», – ասել է վարչապետը:

Share