Բաժին. Սոցիալական

Ցերեկային կենտրոններում կբարելավվի երեխաների սոցիալական հոգածության խնամքը

Երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներով պայմանավորված գործադիրը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի երեխաների շուրջօրյա խնամք իրականացնող բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր և հատուկ (մասնագիտացված) տիպի հաստատությունների աշխատակիցները, ովքեր անմիջականորեն իրականացնում են երեխաների խնամք ու սպասարկում, անցնում են առողջական վիճակի պարտադիր զննություն, իսկ երեխաների սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների աշխատակիցները նման զննություն չեն անցնում: Որոշմամբ՝ ցերեկային կենտրոնների աշխատակիցները ևս կանցնեն առողջական վիճակի պարտադիր զննություն, ինչը կկանխարգելի նշված հաստատություններում խնամվող երեխաների տարբեր հիվանդություններով վարակվելու ռիսկը:

Կառավարության որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ը կվերանվանվի «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի: Որոշմամբ սահմանվել է նաև այդ կազմակերպության հիմնական նպատակը և գործունեության առարկան: Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը հանդիսանալու է սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպություն, որի հիմնական նպատակը կազմակերպության սպասարկման տարածքում երեխաներ ունեցող ընտանիքների՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելը կանխարգելելն է և (կամ) կյանքի դժվարին իրավիճակից դուրս բերելը: Կենտրոնի հիմնական առանձնահատկությունն այն է, որ 3-18 տարեկան երեխաներին տրամադրվող խնամքը չի կրելու շուրջօրյա բնույթ, այսինքն՝ որոշակի ժամերին տրամադրվող բազմաբնույթ սոցիալական ծառայությունները ստանալուց հետո երեխան վերադառնալու է ընտանիք, չի գիշերելու կազմակերպությունում, ինչպես նաև անհրաժեշտ սոցիալական ծառայություններ են տրամադրվելու այդ երեխաների ընտանիքների անդամներին:

Կառավարության որոշմամբ 2016թ. սեպտեմբերի 5-9-ը կայանալիք` Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ ֆորումին մասնակցելու նպատակով ՀՀ ժամանող պատվիրակության անդամ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները կազատվեն մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից: Ըստ հիմնավորման՝ ակնկալվում է, որ ֆորումին կմասնակցեն 200-250 հյուրեր 40 երկրներից, այդ թվում` նախարարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Ֆորումի աշխատանքների ընթացքում նախատեսվում է այցելություններ դպրոցներ, ծանոթացում դպրոցական սննդի հայաստանյան փորձին, ինչպես նաև միջազգային փորձի փոխանակում:

Share