Բաժին. Սոցիալական

Վիվասել-ՄՏՍ. Ամրակից համյանքն ապահովվել է արտաքին լուսավորությամբ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել են «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում համատեղ իրականացրած հերթական ծրագրի արդյունքները: Լոռու մարզի Ամրակից գյուղում   տեղակայվել է 54 լուսատուով՝ արտաքին լուսավորության լուսադիոդային (LED) համակարգ: Ծրագրի արդյունքում լուսավորվել են համայնքի հիմնական երկու փողոցները՝ մոտ 1,900մ ընդանուր երկարությամբ:

Համակարգի գործարկմանը մասնակցել են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) գլխավոր ճարտարագետ, ծրագրի պատասխանատու Մարտին Մարալչյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ  Յիրիկյանը, Ամրակից համայնքի ղեկավար Արթուր Ներկարարյանը  և համայնքի բնակիչները:

Լուսատուները համայնքի փողոցները կլուսավորեն ամռանը 20:00-ից մինչև 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 23:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր:

Ի տարբերություն էլեկտրական լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ օգտագործելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:

«Աշխարհի առաջադեմ երկրների օրակարգում առաջնային տեղ է զբաղեցնում շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված լուծումների մշակումն ու կիրառումը: Բնության հանդեպ հոգատար վերաբերմունքը և սպառողական ապրելակերպի մերժումը մարդու, ազգի, երկրի ինքնագիտակցության մակարդակի լավագույն ցուցիչներն են: Ֆինանսական խնայողության հնարավորություն ընձեռելուց բացի, այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործումը կարևոր քայլ է դեպի ավելի պատասխանատու և բարեկիրթ ապրելակերպ»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը չափազանց կարևոր են համարում բնության պահպանության գործում նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը: Դա նպաստում է շրջակա միջավայրի պահպանությանը, էներգախնայողության բարձրացմանը և համայնքային զարգացմանը:

«Այլընտրանքային էներգիա» ծրագրի նպատակը այլընտրանքային էներգիայի աղբյուրների՝ արեգակնային ջեռուցման և փողոցների լուսավորություն LED համակարգերի կիրառմամբ, շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելելն է: Այս տարի ծրագիրն իրականացվում է Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում: Քանի որ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ պաշար՝ այլընտրանքային էներգիայի և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը և նպաստել բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:

Share