Բաժին. Սոցիալական

Ucom. Կողբ գյուղում 600 ուսանողի համար նախատեսված նոր «Թումո» կենտրոն կկառուցվի

Սեպտեմբերի 24-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում տեղի ունեցավ «Կողբ» կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված շնորհանդես-միջոցառումը, որով տրվեց «Կողբ-Թումո» նախագծի մեկնարկը և որի ժամանակ փոխըմբռման հուշագրեր ստորագրվեցին «Կողբ» հիմնադրամի, Տավուշի մարզպետարանի, «Ucom» ընկերության և «Առաքելություն Մանկություն» բարեգործական կազմակերպության միջև։

Միջոցառման ընթացքում «Կողբ» հիմնադրամի տնօրեն՝ Արթուր Աբովյանը և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն՝ Մարի Լու Փափազյանը ներկայացրեցին «Թումո-Կողբ» նախագծի մանրամասները։ Ըստ բանախոսների՝ Տավուշի մարզի Կողբ գյուղում առնվազն 600 ուսանողի համար նախատեսված նոր «Թումո» կենտրոն կկառուցվի, որը կծառայի նաև սահմանամերձ Նոյեմբերյան, Բերդավան և այլ համայնքների պատանիներին և երիտասարդներին: Կենտրոնի շինարարությունը կմեկնարկի նոյեմբերին, իսկ ուսումնական գործընթացը կսկսի 2018 թվականին: Կրթական ծրագիրը չի տարբերվելու Երևանի, Դիլիջանի, Գյումրիի և Ստեփանակերտի Թումոներում իրականացվող ծրագրից, իսկ դասավանդող անձնակազմն ու միջազգային մասնագետները կշարունակեն կիսվել իրենց գիտելիքներով ու փորձով նաև այստեղ:

«Վերջին տարիներին Ucom-ը հետևողականորեն իրականացնում է կրթական համալիր ծրագրեր դպրոցական տարիքի երեխաների համար: Քաջ գիտակցելով տարբեր բնակավայրերում նրանց անհամաչափ հնարավորությունները, մենք ուշադիր ենք հատկապես բարձր տեխնոլոգիաների սահմանափակ հասանելիությամբ  բնակավայրերի նկատմամբ: Որպես հայկական ընկերություն, Ucom-ն այսօր բոլոր ջանքերն ուղղում է հայրենիքի, հայ մարդու և, մասնավորապես՝ հայ պատանիների զարգացմանը», – ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն՝ Հայկ Եսայանը։

«Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ` Արման Բարսեղյանը ամփոփեց. «Օրեր առաջ նշեցինք Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը։ Այս նախաձեռնությունը ևս մեկ քայլ է մեր պետության անկախության ամրապնդման ուղղությամբ»:

«Ucom»-ը միասնական կապի օպերատոր է, որը տրամադրում է թե՛ ֆիքսված, և թե՛ շարժական կապի ծառայություններ իր բաժանորդների համար: Գիտակցելով համաշխարհային հեռահաղորդակցության շուկայի հրամայականը, ընկերությունը գործարկեց միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող ամենաարագ 4G+ ցանցը Հայաստանում, իսկ այժմ աշխատում է ընկերության կոնվերգենտ առաջարկների վրա, որպեսզի հնարավորոթյուն տա օգտվելու IP հեռուստատեսության, ֆիքսված ու շարժական հեռախոսակապի և ինտերնետ ծառայությունների ամբողջական փաթեթից:

Կողբ հիմնադրամը գործում է 2013 թվականից` Հայաստանում կրթության, մշակույթի և սպորտի զարգացմանն աջակցելու նպատակով: Հիմնադրամի առաքելությունն է` կրթամշակութային ծրագրերի և առցանց դրամահավաք հարթակի միջոցով աջակցել պատանիներին և երիտասարդներին՝ հասնելու իրենց կրթական նպատակներին։ Հիմնադրամի տեսլականը այնպիսի Հայաստանն է, որտեղ ցանկալի կրթությունը հասանելի է բոլորին։ Առ այսօր հիմնադրամի միջոցով ֆինանսավորվել են ավելի քան 45 դիմորդներ և նախագծեր։ Լրացուցիչ տեղեկության համար այցելեք www.koghb.com:

Share