Բաժին. Սոցիալական

Վիվասել-ՄՏՍ. «Գուգարք» մանկապատանեկան ճամբարում տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել են «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում համատեղ իրականացրած հերթական ծրագրի արդյունքները: Լոռու մարզի «Գուգարք» մանկապատանեկան ճամբարում տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ։

Համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, «Գուգարք» ճամբարի փոխտնօրեն Գևորգ Խանամիրյանը։

«Անհրաժեշտ է երեխաներին և երիտասարդներին ծանոթացնել շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված տեխնոլոգիաներին, դրանց կիրառման կարևորությանը և օգտավետությանը: Բնության հանդեպ հոգատարություն սերմանելուց բացի, դա կհուշի նրանց, որ ցանկացած ոլորտում խնդիրների լուծման համար պետք է առավել պատասխանատու, նորարար և այլընտրանքային ուղիներ փնտրել` ելնելով ոչ միայն սեփական շահից, այլև` հոգ տանելով շրջապատի բարօրության մասին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:  

Համակարգի գործարկումը ճամբարի խոհանոցում տաք ջրամատակարարում կապահովի ողջ տարվա ընթացքում՝ բացառապես արևային ջրատաքացուցիչի միջոցով: Հայաստանում առաջին անգամ օգտագործվել է արևային ջրատաքացուցիչ՝ 100մմ տրամագծով վակումային խողովակներով, որոնք առավել արդյունավետ են, և, զբաղեցնելով ավելի փոքր տարածք՝ ավելի շատ ջերմային էներգիա են տալիս։

Արևային ջրատաքացուցիչն ունի 2 կոլեկտոր, յուրաքանչյուրը՝ վակուումային 12 խողովակով (ընդհանուր՝ 24 հատ), ինչն ապահովում է 70-80 C ջերմաստիճանի 200լ տաք ջուր։

Եղանակային պայմաններից կախված՝ համակարգը 85-100%-ով կրճատում է տաք ջրի համար նախկինում ծախսվող միջոցները:

«Գուգարք» մանկապատանեկան ճամբար տարեկան հաճախում է ավելի քան 1000 սան։

«Այլընտրանքային էներգիա» ծրագրի նպատակը այլընտրանքային էներգիայի աղբյուրների՝ արեգակնային ջեռուցման և փողոցների լուսավորություն LED համակարգերի կիրառմամբ, շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելելն է: Այս տարի ծրագիրն իրականացվում է Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում: Քանի որ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ պաշար՝ այլընտրանքային էներգիայի և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը և նպաստել բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:

Share