Բաժին. Սոցիալական

Շարունակվում են առանց կանխավճարի բնակարան ձեռք բերելու սոցիալական ծրագրի քննարկումները

Երիտասարդ ընտանիքներին առանց կանխավճարի հիպոթեքով բնակարան ձեռք բերելու հնարավորություն ընձեռող «Ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018թթ ազգային ծրագրի» շուրջ քննարկումները շարունակվում են: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «Սոցիալ-ժողովրդագրական խնդիրների լուծման ուղղությամբ կառավարությունը նախատեսում է 2017թ. համապատասխան ծրագրերի իրականացում: Ես կարծում եմ, որ ժամանակին բոլոր հարցերը կունենան իրենց պատասխանները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են դադարել քննարկումները այդ ծրագրի շուրջ և քայլեր չեն ձեռնարկվում այն կյանքի կոչելու ուղղությամբ:

Նախարարի խոսքով՝ ծրագրերը, նախաձեռնությունները, իրավական ակտերի նախագծերը նախապես քննարկվում են և, երբ հաստատվում են, այդ պահից են դառնում ծրագիր, իրավական ակտ կամ իրավական նորմ՝ ենթակա պարտադիր կատարման: «Հիմա այդ աշխատանքները շարունակվում են: Ես կարծում եմ, որ դուք ամեն ինչի վերաբերյալ կունենանք լիարժեք տեղեկատվություն, երբ մենք կունենանք ամբողջական որոշումը»,- ընդգծեց Արտեմ Ասատրյանը:

Նա հավելեց, որ ծրագրի շուրջ քննարկումները շարունակվում են պետական մարմինների շրջանակներում: Առաջիկայում նախատեսվում են նաև այդ քննարկումներին մասնակից դարձնել նաև ոչ պետական հատվածի մասնակից գործընկերներին, որովհետև կառավարությունը նախատեսում է նաև պետություն-մասնավոր գործընկերային հարաբերությունների շրջանակներում միջոցներ ներգրավել այդ ծրագրերի իրականացման համար:

Հարցին՝ նոր վարչապետին ներկայացվե՞լ է այդ ծրագիրը, և նա ի՞նչ կարծիք ունի դրա վերաբերյալ, նախարարը պատասխանեց. «Այո, ներկայացվել է և նաև այդ քննարկումները, որի մասին քիչ առաջ խոսում էի,  իրականացվում են վարչապետի հանձնարարությամբ, որոնց առաջիկայում ներգրավելու ենք նաև ոչ պետական հատվածի ներկայացուցիչներին»:

Իսկ հարցին, հնարավո՞ր է եկող տարվա կեսից պետական բյուջեից հատկացումներ լինեն այդ ծրագրի իրականացման համար, նախարարը նշեց, որ ոչինչ չի բացառում:

Share