Բաժին. Սոցիալական

Սեյրան Սարոյան. զինվորի բաժինը գողացողի քթից գալու է

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը կարծում է, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման մասին օրենքի նախագծի քննարկումն Ազգային ժողովում պետք է անցներ միասնական մթնոլորտում: Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների հատուցման համար հատուկ հիմնադրամի ստեղծման նախագծի քննարկման ժամանակ պատգամավորն ընդգծեց, որ չի սպասել, որ օրենսդրական նախաձեռնությունը նման քննադատության կարժանանա: «Փորձեցինք մի լավ բան անել ժողովրդի համար… էլ գող կատու, էլ քաչալ շուն, էլ ով ինչ գողացավ բանակից: Ամեն ինչի մասին խոսեցինք, բացի նրանից, որ նման լավ օրենք է բերվել: Հիշեցին, թե ով ոնց տները սարքեց, ով ինչ գողացավ, ով «տուշոնկա» գողացավ, ինչ կերավ: Այդ ամենը իրենց քթից է գալու: Թողեք Աստծո հույսին: ավելի լավ է Աստված պատժի, քան դատախազը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կատակեց Սարոյանը:

Պատգամավորը հավելեց, որ խնդիրը նրանում է, որ հայ ժողովուրդը բանակին օգնելու հարցերում միշտ միասնական է եղել՝ որպես օրինակ բերելով ապրիլյան պատերազմի օրերին տիրող համախմբվածությունը: «Բայց պետք չէ պատերազմ լինի, որ միասնական լինենք: Մենք գիտենք, որ մեր պետությունն աղքատ է: Ասում են, թող պետական բյուջեից տան այդ փողերը: Բայց բյուջեն պետք է ունենա, որ տա: Բայց պիտի հասկանանք, թե ինչի՞ համար է այս օրենքը: Մարդն ասում է բերեք ընդամենը հազար դրամ փոխանցենք այդ հիմնադրամին, որը ուղղվելու է զինծառայողների հատուցմանը: Հիմա կասեք ձայնդ տաք տեղից է գալիս, 1000 դրամը քո համար ի՞նչ փող է: 1000 դրամն էն գումարն է, որ հաշվեք ամեն մի հայ մտել է եկեղեցի իր երեխեքի համար երկու հատ մոմ է վառել: Ես չեմ պատկերացնում, որ Հայաստանում կա մարդ, ում ընտանիքից բանակում մարդ չկա: Եթե ախպերը չի, գոնե հորքուրի, մորքուրի, քեռու տղան բանակում է: Դեռ փողերը չհավաքած՝ արդեն խոսում ենք կոռուպցիայի մասին: Ասում են ունենք հզոր բանակ, ուժեղ բանակ, բայց ինչ ցեխ ասես շպրտեցին բանակի վրա, ինչ է թե մի քանի անբարոյական կա այնտեղ: Եթե կան անբարոյականներ, նրանց հանել շպրտել են բանակից: Կա՞ն չարաշահումներ, թող դատախազը կանչի քննի: Ես համաձայն եմ իմ ընկերների հետ, որ նման մարդիկ պետք է պատժվեն: Ո՞նց կարող են զինվորի բաժինը տանել ուտել: Իհարկե, պիտի պատասխան տան: Բայց ընդհանուր բանակի, գեներալների, սպաների վրա ցեխ շպրտելը մեզ չի սազում մանավանդ այս ամբիոնից, որը ժողովրդի ձայնն է»,- ասաց Սեյրան Սարոյանը:

Պատգամավորը իր գործընկերներին և ժողովրդին խնդրեց ամեն ինչի վրա ցեխ չշպրտել: «Էս հարցը սարքեցինք հայոց պատմություն: «Ֆեյսբուքներում էլ ինչ ասես չգրեցին, թե հարուստները թող տան փողերը: Ախր հարուստը ոչ մի բան էլ չի տա: Եթե իրան շահ չեղավ, ոչ մի բան էլ չի տա: Էս ժողովուրդը պետք է հասկանա, որ ինքն է իրեն պահելու: Մեր հույսը մեզ վրա պետք է դնենք, ժողովուրդ ջան: Սա է խնդիրը, միասնական պետք է լինենք»,- ասաց պատգամավորը: Նա ևս մեկ անգամ կոչ արեց օրենսդրական նախաձեռնությանը միասնական կողմ քվեարկել և հետևել, որ ամեն ինչ իր հունով ընթանում է:

Սեյրան Սարոյանի ելույթից հետո դահլիճում բուռն ծափահարություններ հնչեցին, իսկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսպես արձագանքեց. «Սեյրանի ելույթից հետո ոնց որ Պելեից հետո ֆուտբոլ խաղաս»:

Share