Բաժին. Սոցիալական

ՎիվաՍել-ՄՏՍ. արտաքին լուսավորություն՝ շուրջ 40-ամյա դադարից հետո

Սահմանամերձ Բարձրունի բնակավայրում գործարկվել է լուսավորության էներգախնայող համակարգ

Սահմանամերձ Բարձրունին մեկն է այն բնակավայրերից, որը խորհրդային հասարակարգի փլուզումից հետո տարիներ շարունակ քայքայված ենթակառուցվածքների խնդիր է ունեցել: Այստեղ արտաքին լուսավորություն չի եղել շուրջ չորս տասնամյակ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում, գյուղն ամբողջությամբ ապահովվել է լուսավորությամբ: Երկու փուլով իրականացված ծրագրի արդյունքում՝ տեղակայվել է 81 LED լուսարձակով արտաքին լուսավորության համակարգ:

Ծրագրի առաջին փուլով 40 լուսարձակ տեղեկայելու արդյունքում լուսավորվել են բնակավայրի հիմնական փողոցները: Ընթացիկ տարում համագործակցող կողմերն ավելացրել են ևս 41 լուսարձակ՝ ամբողջությամբ կարգավորելով խնդիրը:

Սահմանամերձ գյուղ հերթական շրջայցի ընթացքում՝ համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը և բնակիչները:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ իրականացվող՝ էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման ծրագիրը, բնապահպանական բաղադրիչով հանդերձ, թույլ է տալիս ոչ միայն թեթևացնել Զառիթափ համայնքի ֆինանսական բեռը, այլև՝ աշխուժացնել Բարձրունի գյուղի կյանքը։

«Այսպիսի բնակավայրերում առկա խնդիրների լուծման միջոցներից մեկը դրանց նկատմամբ համակարգված մոտեցումն է: Այս ծրագրի հիմքում առանձնացնում ենք կարևոր երեք թիրախ. սահմանին ապրող մեր հայրենակիցը, նրա ծախսերի կրճատումը և մարդ-բնություն կապի ներդաշնակությունը: Մենք ձգտում ենք ապահովել անվտանգություն, խնայողություն և բնապահպանություն: Սա մի նախաձեռնություն է, որն ունենալու է և՛ կարճաժամկետ և՛ երկարաժամկետ արդյունք»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ի տարբերություն այլ լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80 տոկոսով պակաս էլեկտրաէներգիա:

Լուսատուները բնակավայրի փողոցները կլուսավորեն ամռանը 21:00-ից մինչև 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 23:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր:

«Այլընտրանքային էներգիա» ծրագրի նպատակը այլընտրանքային էներգիայի աղբյուրների՝ արեգակնային ջեռուցման և փողոցների լուսավորություն LED համակարգերի կիրառմամբ, շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելելն է: Այս տարի ծրագիրն իրականացվում է Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում: Քանի որ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ պաշար՝ այլընտրանքային էներգիայի և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը և նպաստել բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share