Բաժին. Սոցիալական

Վիվասել-ՄՏՍ. էներգախնայող համակարգ՝ Մարտիրոս գյուղում

Վայոց Ձորի մարզի Մարտիրոս գյուղը հայտնի է իր ավելի քան 700 տարվա պատմությամբ:  Բազմաթիվ պատմամշակութային արժեքներ ունեցող սահմանամերձ այս բնակավայրը 1990-ական թվականներից մնացել է պատերազմական տարիներին հատուկ՝ մութ փողոցներով: «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում ընդգրկվելուց հետո, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցության արդյունքում, գյուղում տեղակայվել է 52 LED լուսարձակով՝ արտաքին լուսավորության համակարգ։ Լուսավորվել են գյուղի հիմնական փողոցները՝ ավելի քան 1716 մ երկարությամբ տարածք:

Ժամանակակից համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը և գյուղի բնակիչները:

Բնապահպանական և էներգախնայող LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ է բյուջետային համեստ միջոցներ ունեցող գյուղերի համար: Այսպիսի համակարգի օգտագործումը 80 տոկոսով կնվազեցնի էներգիայի ծախսը՝ թեթևացնելով մարդկանց ֆինանսական բեռը: Տնտեսված գումարները կարող են նպատակաուղղվել այլ խնդիրների կարգավորմանը:

«Սահմանամերձ գյուղերը շարունակում են մնալ մեր և գործընկեր կառույցների ուշադրության կենտրոնում: Ձգտում ենք անել հնարավորը՝ առկա խնդիրները լուծելու համար: Հաճախ ընտրում ենք մի քանի փուլով դրանք կարգավորելու տարբերակը՝ աշխատանքի ծավալը համապատասխանեցնելով բյուջետային փաստացի հնարավորություններին: Այս ճկուն համակարգի կիրառումը թույլ է տալիս օգտակար լինել տարբեր բնակավայրերում ապրող մեր հայրենակիցներին: Ընթացիկ տարում Վայոց Ձորի մարզում էներգախնայող համակարգ է գործարկվել վեց գյուղում: Ծրագրում ընդգրկվել է ևս երկու բնակավայր»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Լուսատուները գյուղի փողոցները կլուսավորեն ամռանը 21:00-ից մինչև 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 23:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր:

«Այլընտրանքային էներգիա» ծրագրի նպատակը այլընտրանքային էներգիայի աղբյուրների՝ արեգակնային ջեռուցման և փողոցների լուսավորություն LED համակարգերի կիրառմամբ, շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելելն է: Այս տարի ծրագիրն իրականացվում է Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում: Քանի որ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ պաշար՝ այլընտրանքային էներգիայի և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը և նպաստել բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share