Բաժին. Սոցիալական

Վիվասել-ՄՏՍ. «Հովեր»-ը հանդես է եկել խմբերգային նոր նախագծով

«Հովեր» պետական կամերային երգչախումբը շարունակում է իր երկրպագուներին ներկայանալ նոր ասելիքով: Երգչախումբը, Վահագն Հայրապետյանի ջազ տրիոյի հետ համատեղ, Ապարանի ազգագրական երգերի ոչ ավանդական մշակումներ է ներկայացրել: Նախատեսվում է ինքնատիպ այս ծրագիրն ապագայում կյանքի կոչել նաև Հայաստանի այլ, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերում և արտերկրում:

Շուրջ քառորդ դար առաջ ստեղծված և 18 տարի բացառապես սեփական ջանքերով գործունեություն ծավալած երգչախումբը պետական կարգավիճակ է ստացել 2009 թվականին: Տարիներ անց՝ 2013թ.-ին, Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը ստանձնել է երգչախմբի գլխավոր գործընկերը լինելու պատասխանատվությունը՝ էապես խթանելով կատարողների գործունեության զարգացմանը: «Հովեր»-ը համալրվել է բարձրակարգ, պրոֆեսիոնալ, երիտասարդ երաժիշտ-կատարողներով և արձանագրել խմբերգային ժանրի համար աննախադեպ արդյունք. տարեկան 40-50 համերգ և ելույթ՝ աշխարհի հեղինակավոր մի շարք համերգասրահներում, համագործակցության ընդլայնվող շրջանակ, հայ խմբերգային երաժշտության դասական, ժամանակակից նոր ծրագրեր և այլն:

«Մեր գործընկերների հաջողությունը նաև մեր հաջողությունն է: Ուրախ ենք արձանագրել, որ թիրախավորված համագործակցության արդյունքում՝ նպաստել ենք երգչախմբային արվեստի զարգացմանն ու կատարելագործմանը: «Հովեր»-ը պատվով է կատարում համաշխարհային հեղինակավոր համերգասրահներում Հայաստանը ներկայացնելու առաքելություն ու ազգային մշակույթին ծառայելու պատասխանատվությունը», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Վերջին չորս տարվա ընթացքում երգչախումբն իր կատարումներով եղել է Բելգիայում, Ֆրանսիայում, ՌԴ-ում, Գերմանիայում, Լիբանանում, Լեհաստանում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Շվեյցարիայում  և այլն: Ի դեպ, երգչախմբի կատարումներից «Նյու-Յորք Թայմս» օրաթերթում մեծ արձագանք է ստացել Հայաստանին նվիրված՝ մեծանուն կոմպոզիտոր Ք.Պենդերեցկու «Սաղմոս» խմբերգային ստեղծագործության համաշխարհային պրեմիերան:

Գործունեության ընթացքում, երգչախումբը ներկայացրել է նաև հայ կոմպոզիտորների խմբերգային ստեղծագործությունների պրեմիերաներ և մշտապես ունեցել է հարուստ երգացանկ:

Երգչախումբը հանդես է եկել հեղինակավոր՝ «Սթրաթմոր»-ի (ԱՄՆ), «Սիտե դե լա մյուզիք»-ի (Ֆրանսիա), Վարշավայի թագավորական պալատի (Լեհաստան), «Կարնեգի Հոլլ»-ի (ԱՄՆ) և մի շարք այլ համերգասրահներում: «Հովերի» գործունեությանն անդրադարձել է նաև  հայկական և արևմտաեվրոպական մամուլը:

Share