Բաժին. Սոցիալական

ՎիվաՍել-ՄՏՍ. սահմանամերձ Խնձորուտ գյուղն ամբողջությամբ լուսավորվել է

Վայոց Ձորի մարզի Խնձորուտ գյուղը սահմանակից է Նախիջևանին: Խորհրդային հասարակարգի փլուզումից հետո այստեղ արտաքին լուսավորության քայքայված ենթակառուցվածքներ են եղել։ Տեղում փորձել են լուծել խնդիրը և համայնքային միջոցներով լուսավորել են մի քանի փողոց, սակայն արդյունքը գոհացուցիչ չի եղել. սպառվել է սպասվածից  ավելի շատ էլեկտրաէներգիա՝ ապահովելով ոչ բավարար լուսավորություն: Լուսարձակների մեծ մասն էլ շարքից դուրս է եկել՝ առաջացնելով դրանք նորերով փոխարինելու և հետևաբար՝ լրացուցիչ ծախսեր կատարելու անհրաժեշտություն:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ իրականացվող՝ «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում գյուղում մեկ տարի առաջ ծրագիր է մեկնարկել: Առաջին փուլով  տեղակայվել է 60 LED լուսարձակ՝ լուսավորելով գյուղի հիմնական փողոցները.  1800մ երկարությամբ տարածություն։

Համագործակցող կողմերն ավարտել են նաև ծրագրի երկրորդ փուլը: Այս անգամ տեղակայվել է 34 LED լուսարձակով արտաքին լուսավորության համակարգ: Լուսավորվել է 3200մ երկարությամբ տարածություն։ Ամբողջ ծրագրի արդյունքում տեղադրվել է 94 լուսարձակ, լուսավորվել 5000մ տարածություն՝ ընդգրկելով ամբողջ գյուղը: Խնձորուտի բնակիչները Նոր տարին կդիմավորեն ամբողջությամբ լուսավորված գյուղում:

Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը և բնակիչները:

«Այս ծրագիրն ունի կարևոր առանձնահատկություն. այն չի սահմանափակվում կոնկրետ երևացող արդյունքով: Տարիներ հետո հնարավոր կլինի արձանագրել դրա բնապահպանական օգուտը, մինչդեռ ֆինանսականը՝ շատ արագ: Հատկապես սահմանին ապրող մեր հայրենակիցների համար այս պահին առավել առաջնային է ծախսերի կրճատումը: Մենք ձգտում ենք թեթևացնել և՛ բնակչի, և՛ գյուղի, և՛ համայնքի բեռը: Տնտեսված միջոցներով տեղում կարող են լուծել մեկ այլ խնդիր: Հենց սա է պատասխանատու մոտեցումը, որով մենք առաջնորդվում ենք գործունեության առաջին իսկ օրերից»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ներդրումը համայնքային զարգացման կարևոր նախապայման է: Ծրագրի արդյունքում էապես կկրճատվեն համայնքների բյուջետային ծախսերը՝ թույլ տալով դրանք ուղղել այլ խնդիրների լուծմանը: Բնապահպանական բաղադրիչով հանդերձ՝ էներգախնայող տեխնոլոգիաների կիրառումը թույլ կտա ոչ միայն թեթևացնել Զառիթափ համայնքի ֆինանսական բեռը, այլև՝ աշխուժացնել Խնձորուտ գյուղի կյանքը։

Բնապահպանական և էներգախնայող LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ է բյուջետային համեստ միջոցներ ունեցող գյուղերի համար: Այսպիսի համակարգի օգտագործումը 80 տոկոսով կնվազեցնի էներգիայի ծախսը՝ թեթևացնելով մարդկանց ֆինանսական բեռը:

Լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն 21:00-ից մինչև 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 23:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր:

«Այլընտրանքային էներգիա» ծրագրի նպատակը այլընտրանքային էներգիայի աղբյուրների՝ արեգակնային ջեռուցման և փողոցների լուսավորություն LED համակարգերի կիրառմամբ, շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելելն է: Այս տարի ծրագիրն իրականացվում է Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում: Քանի որ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ պաշար՝ այլընտրանքային էներգիայի և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը և նպաստել բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share