Բաժին. Սոցիալական

Սպառած բնական գազի չափաքանակը կներառվի ընտանիքի անապահովության բնութագրիչների շարքում

Ընտանեկան, սոցիալական նպաստների և հրատապ օգնության նշանակման և վճարման գործընթացի հետ կապված հարաբերությունները կատարելագործելու և հստակեցնելու, ինչպես նաև դրանց հասցեականությունը մեծացնելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Տարվա ընթացքում ընտանիքի սպառած բնական գազի չափաքանակը կարող է կիրառվել որպես ընտանիքի անապահովության գնահատման ցուցանիշ, ուստի որոշմամբ առաջարկվում է այն ներառել ընտանիքի անապահովության բնութագրիչների շարքում: Միաժամանակ, հաշվի առնելով Հայաստանի բնակլիմայական պայմանները և տարբեր եղանակների ընթացքում ընտանիքների կողմից բնական գազի սպառման տարբեր քանակը (բնակարանի ջեռուցման համար), առաջարկվում է 2017թ.-ի ընթացքում իրականացնել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում` ընտանիքի uպառած բնական գազի սահմանային չափաքանակի կիրառման փորձնական ծրագիր: Ծրագրի արդյունքներն ամփոփելուց հետո հնարավոր կլինի ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն բնական գազի սպառման տարեկան (12 ամիսների) սահմանային չափաքանակի մասին, որն ավելի ճշգրտորեն կբնորոշի ընտանիքի կենսապայմանները: Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ վարչապետ Կարապետյանը նշել է , որ սոցիալապես անապահով ընտանիքներին արտոնյալ գին սահմանելու վերաբերյալ քննարկումների ժամանակ նախարարության ներկայացրած ցուցակում եղել են սոցիալապես անապահով որոշ ընտանիքներ, որոնք միջինից ավելի շատ գազ են սպառում: «Կարծում եմ՝ հայտանիշերը մեզ լրացուցիչ հնարավորություններ կտան ցուցակում ընդգրկել ճիշտ համապատասխան շերտը»,-նշել է գործադիրի ղեկավարը:

Գործադիրը հավանություն է տվել Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021թթ. համալիր ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին: Ծրագիրն ուղղված է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար և մատչելի պայմաններ ապահովելուն:

Share