Բաժին. Սոցիալական

Կարեն Կարապետյանը հանձնարարական է տվել ընտանիքների անապահովության գնահատման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

Անդրադառնալով ընտանիքների անապահովության գնահատման համակարգին՝ վարչապետը նշել է. «Ներկայումս գործող ընտանիքների անապահովության գնահատման համակարգի կիրառման ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այն հատկապես հասցեականության և հստակության տեսանկյունից բավարար արդյունավետ չէ, ինչը հիմնականում պայմանավորված է համակարգում անհրաժեշտ տեղեկատվության բացակայությամբ: Առկա իրավիճակի կանոնակարգման նպատակով համարում ենք անհրաժեշտ անապահովության գնահատման գործընթացում ուսումնասիրել և հաշվի առնել նաև համապատասխան անձանց բանկային գործարքների, ինչպես նաև գույքային իրավունքների հետ կապված ամբողջական տեղեկությունները»: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և առաջարկել ՀՀ կենտրոնական բանկի նախագահին 1-ամսյա ժամկետում համատեղ քննարկել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձանց բանկային գործարքների մասին տեղեկատվություն տրամադրելու հնարավորությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն: Հանձնարարվել է նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին, ՀՀ մարզպետերին, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և առաջարկվել Երևանի քաղաքապետին 2-ամսյա ժամկետում ամփոփել և արդիականացնել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական շտեմարանում առկա անձանց տվյալները և ապահովել դրանց ամբողջական տրամադրումը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն անապահովության գնահատման գործընթացում կիրառելու նպատակով:

«Սոցիալական ապահովության համակարգում մենք ուզում ենք սոցիալապես անապահով ընտանիքների վերաբերյալ ամբողջ տեղեկությունն իմանալ՝ բանկային գործարքներ, անշարժ գույք և այլն, որպեսզի այնպես չստացվի, որ մենք սոցիալական աջակցություն ենք ցուցաբերում այն անձանց, որոնք դրա կարիքը չունեն»,-նշել է գործադիրի ղեկավարը:

Share