Բաժին. Սոցիալական

Վիվասել-ՄՏՍ. Մեկնարկել է «Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնը

Ծիրանօրհնեքի ավանդական արարողությամբ, ապա հայ անվանի կինոգործիչների շարքում արժանավորների անունը հավերժացնող նոր աստղերի բացմամբ՝ մեկնարկել է տարվա սպասված մշակութային իրադարձությունը՝ «Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ կինոփառատոնը: Համաշխարհային կինոարվեստի շունչն ուղիղ մեկ շաբաթ՝ հուլիսի 9-16-ը կթևածի մայրաքաղաքում:

Շառլ Ազնավուրի հրապարակում իրենց պատվավոր տեղն են զբաղեցրել կինոռեժիսորներ Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի և կինոօպերատոր Սերգեյ Իսրայելյանի հիշատակը հավերժացնող աստղերը: Անվանի հյուրերը, մրցույթային և արտամրցույթային ծրագրերի մասնակիցներն անցել են կարմիր գորգով: Փառատոնի պաշտոնական բացումը կայացել է «Մոսկվա» կինոթատրոնում:

Ողջույնի խոսքով հանդես են եկել «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը և փառատոնի գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Փառատոնի մեկնարկն ազդարարելուց հետո, ներկայացվել են մրցույթային ծրագրում ընդգրկված ֆիլմերը, ինչպես նաև ժյուրիի կազմը: «Ոսկե ծիրանի» մեկնարկն ազդարարող հանդիսավոր արարողությունից հետո ցուցադրվել է բացման ֆիլմը՝ Համո Բեկնազարյանի «Խասփուշը»:

«Մենք երկար ճանապարհ ենք անցել «Ոսկե ծիրանի» հետ և կարող եմ ասել, որ կինոտոն լինելուց բացի, այս փառատոնը կարևոր առաքելություն է ստանձնել: Արդեն տասնչորս տարի, այն փորձում է արվեստի ամենազոր ուժով արթուն պահել մարդու միտքն ու լուսավոր մտածելու ունակությունը, մարդկությանը դարձնել քաղաքակիրթ արժեհամակարգի հետևորդ: Կինոն ազդեցիկ միջոց է միմյանց ճանաչելու, հասկանալու և հարգելու համար: Ողջունում եմ փառատոնի մասնակիցներին, հյուրերին և կինոսեր հասարակությանը՝ մաղթելով հաճելի դիտում և հաջողություն»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ոսկե ծիրանի» այս տարվա պաշտոնական ազդագիրը ծիրան հիշեցնող և 14-րդ փառատոնը խորհրդանշող երկրաչափական մարմին է:

96 երկրից 1100 հայտ ստացած փառատոնը կարող է իրական կինոտոն դառնալ մրցույթային և արտամրցույթային տարբեր ծրագրերում ընդգրկված բազմաժանր ֆիլմերի ասելիքով և ինքնատիպությամբ: Հայաստանի կինոսեր հասարակության համար այս իրադարձությունը բացառիկ հնարավորություն է՝ հայկական և համաշխարհային կինեմատոգրաֆի գլուխգործոցներին հաղորդակցվելու համար

։

Share