Բաժին. Սոցիալական

Վիվասել-ՄՏՍ. Արդարացված ջանքեր՝ անտառածածկ տարածքների վերականգնման համար

Գնիշիկում մեկնարկել է բնապահպանական ծրագրի հերթական փուլը

Վայոց ձորի Գնիշիկ բնակավայրի տարածքում, մինչև տարեվերջ շուրջ 12 000 ծառ կտնկվի: Աշխատանքներն արդեն մեկնարկել են: Համայնքի պատասխանատուներն ու ծառատունկին մասնակցող բնակիչները ոգևորված են. ակնկալում են ցանկալի արդյունք, քանի որ նույն տարածքում՝ նախորդ տարվա ծառատունկը հաջող ընթացք է ունեցել: Միայն 2018թ.-ին տնկվել է շուրջ 5 000 տնկի՝ գրեթե 85% կպչողականության ցուցանիշով։ Լավատեսության հիմքեր ունեն նաև փորձնական ծրագիրն իրականացնողները. փակ եղանակով, տարածքի սերմերից ջերմոցներում աճեցված տնկիները հետագայում հարմարվելու և խիստ առանձնահատուկ խնամքի կարիք չեն ունենում:

Ծառատունկն իրականացվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC)՝ «Անտառային լանդշաֆտի վերականգնում. փորձառական հարթակ՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում» ծրագրի շրջանակում։  Ծրագրի իրականացմանն աջակցել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը։

Կենսաբազմազանության պահպանման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող Գնիշիկ բնակավայրում ծառատունկն ու շրջակա միջավայրի պահպանությունն անհրաժեշտություն են: Դրանք ոչ միայն բնապահպանական խնդիրների լուծում, այլև համայնքի զարգացում են ենթադրում: Կա նաև ծրագրի ոչ պակաս կարևոր առանձնահատկություն. իրականացվող աշխատանքներին՝ բնակիչների ակտիվ մասնակցությունը: Համայնքի և վարչական տարածքի ղեկավարների կարծիքով, դա շրջակա միջավայրի նկատմամբ սրտացավության ու հետագա խնամքի ապահովման երաշխիքներից կարող է լինել:

Ծառատունկի վերջնարդյունքում, մի քանի տարի հետո, ակնկալվում է ունենալ «ուտելի անտառներ»՝ լուծելով բնապահպանական ևս մեկ խնդիր: «Ծրագրի շրջանակներում փորձ է կատարվել անտառավերականգնումը ծառայեցնել նաև մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի լուծմանը և անտառային տարածքներում բավարար սնունդ ապահովել՝ կենդանական աշխարհի համար։ Նախորդ տարի տնկված 5000 ծառերին, այս տարի կավելանան ևս 12 000-ը»,- ասել է FPWC հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը:

Տնկիների հետագա խնամքն առավել հուսալի դարձնելու նպատակով, տեղադրվել են մարդկանց և կենդանիների համար անվտանգ՝ շարժական «էլեկտրական հովիվներ»: Ծառատունկի՝ այս տեխնոլոգիան գնահատվել և հաջողված է համարվել ԱՄՆ անտառային ծառայության (US Forest Service) և գործի գիտակ՝ Օրեգոնի անտառագիտության և անտառատնտեսության համալսարանի դեկան Էնթոնի Դեյվիսի կողմից:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ջանքերով, Հայաստանի տարբեր մարզերում, բնապահպանական կարևոր և լուրջ գործընթաց է ծավալվում ավելի քան 15 տարի:

———–

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում  է 2002թ-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է։ Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։ Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share