Categories: Սոցիալական

ՎիվաՍել-ՄՏՍ. արևային էներգիայով ջեռուցում՝ Ծովակ գյուղի մանկապարտեզում

Գեղարքունիքի մարզին բնորոշ խիստ կլիման, Ծովակ գյուղի մանկապարտեզին չնախատեսված ծախսերի կամ ժամանակավոր լուծման է պարտադրում: Երեք մասնաշենքով մանկապարտեզը գազով ջեռուցելը մեծ ծախս է համայնքի համար: Իսկ էլեկտրական տաքացուցիչներով խնդրի լուծումը ոչ միայն անօգուտ է, այլև վտանգավոր՝ երեխաների միջավայրում: 60 սան կրթող մանկապարտեզն, արդեն չորրորդ տարին, անցել է աշխատանքային ընդհատվող ռեժիմի՝ հարկադիր պարապուրդի: Չնախատեսված արձակուրդի ժամկետները «սահմանում է» բնությունը՝ խախտելով մանկավարժների և ծնողների ծրագրերը:

«Ջեռուցման խնդրի պատճառով աշխատում ենք 6 ամիս: Դա մեծ խնդիր է առաջացնում և աշխատողների և երեխաների համար: Հոկտեմբերի երկրորդ կեսից արդեն ստիպված ենք լինում օգտվել էլեկտրական տաքացուցիչներից, որոնց ապահոված ջերմությունն արդյունավետ չէ: Երեխաները հաճախ են հիվանդանում: Իսկ նոյեմբերից արդեն դադարեցնում ենք աշխատանքը»,-ասել է մանկապարտեզի տնօրեն Ռուզան Պետրոսյանը:

Երեխաներին ուսումնական լիարժեք նյութ փոխանցելու՝ մանկավարժների ջանքերը, բնության պարտադրած պայմանների պատճառով ձախողվում են: Պարբերաբար ընդհատվող աշխատանքի հետևանքները վերացնելու համար, դաստիարակներն ստիպված են լինում նույն ճանապարհն անցնել մի քանի անգամ. արձակուրդներից հետո դարձյալ սկսել զրոյից, որպեսզի երեխան նորից հարմարվի միջավայրին:

Մանկապարտեզի խնդրին ծանոթանալուց հետո, գործընկեր կազմակերպությունները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), լուծում են գտել. բնության ստեղծած խնդիրը լուծել բնության օգնությամբ: Մանկապարտեզում մեկնարկել են արևային ֆոտովոլտային համակարգի տեղադրման աշխատանքները: Գոյություն ունեցող՝ գազով աշխատող կաթսաներն էլ կփոխարինվեն էլեկտրական կաթսաներով: Արդյունքում, մանկապարտեզի շենքը հնարավոր կլինի ջեռուցել արևային էներգիայից ստացված էլեկտրական էներգիայով:

«Ջեռուցման մեթոդները, որոնք կիրառվում են հատկապես խստաշունչ ձմեռ ունեցող մարզերում, արդեն հնացած են: Դրանք ծախսատար են, անհրաժեշտ քանակով ջերմություն չեն ապահովում, հաճախ նաև՝ երեխաների համար անվտանգ չեն: Այս մանկապարտեզում կա լուծում պահանջող նման խնդիր: Մենք սկսել ենք արևային ջրատաքացուցիչների տեղադրումը, որպեսզի փոքրիկներն ու մանկավարժներն այլևս ստիպված չլինեն նստել տանը՝ սպասելով ավելի բարենպաստ եղանակի: Ավելին, մենք փորձում ենք արդյունավետ օգտվել բնական  ռեսուրսներից: Արևային էներգիայից չօգտվելը բացթողում կլինի մեր երկրում: Ջրատաքացուցիչների տեղադրումը կլուծի միաժամանակ մի քանի հարց: Մանկապարտեզը ստիպված չի լինի շուրջ վեց ամսով ընդհատել աշխատանքը, շենքը կջեռուցվի էկոլոգիապես մաքուր ճանապարհով և կտնտեսվեն ֆինանսական միջոցներ», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող բնապահպանական այսօրինակ ծրագրերով, տարիների գործընկերները ձգտում են նվազեցնել գյուղական համայնքների ծախսերն և ակտիվացնել բնակիչների կյանքը։

———–

էկոգյուղերի ցանցը ներառում է գյուղեր Հայաստանի ամբողջ տարածքից, որտեղ տեղական մասնակցային գործընթացների միջոցով սոցիալական, մշակութային, տնտեսական և բնական միջավայրի վերականգնմանն ուղղված ծրագրեր են իրականացվում: Էկոգյուղերի հայեցակարգի hիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական ուղղությունների՝ մասնակցային և համընդգրկուն նախագծման միջոցով ինտերգրումն է: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Էկոգյուղերի համաշխարհային ցանցի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում  է 2002թ-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է։ Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։ Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share