Բաժին. Սոցիալական

Վիվա-ՄՏՍ. 500 սմարթֆոն` հեռավար կրթության համար

Վիվա-ՄՏՍ-ը վերանայել է սոցիալական ուղղվածության ծրագրերի ցանկն ու կայացրել իրավիճակից բխող որոշում։ COVID-19 դեմ համակարգված պայքարի և հեռավար կրթությունը նաև սոցիալապես խոցելի խմբերում ընդգրկված ընտանիքների դպրոցահասակ աշակերտներին հասանելի դարձնելու ծրագրի շրջանակներում, ընկերությունը 500 սմարթֆոն է նվիրաբերել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը։ Xiaomi նոր սմարթֆոնները տրամադրվում են բոլոր մարզերի այն դպրոցներին, որտեղ սովորում են ծրագրի շահառու դարձած աշակերտներ։ Թիրախային խմբում են միայնակ ծնողների, սոցիալապես անապահով, երկու և ավելի դպրոցականներ ունեցող ընտանիքները։

ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ը հասանելի է դարձրել բազմաթիվ գործիքներ՝ կրթական առցանց հարթակներ ու բջջային հավելվածներ: Ընկերությունն այժմ աջակցում է հերթական՝ տեխնիկական սարքերի տրամադրման ծրագրին։ Սմարթֆոնների բաշխման գործընթացն արդեն մեկնարկել է: Առաջին խմբաքանակը ստացել է Շիրակի մարզը։ Ծրագրում ներառված են բոլոր մարզերը։ Ճկուն լուծումներ ընձեռող սմարթֆոնները, համացանցային հարթակներն ու հավելվածների հասանելիությունը կարևոր գործիք են դարձել ուսումնական գործընթացի համար։

«Իրավիճակով պայմանավորված՝ հեռավար ուսուցումը դարձել է օրակարգային։ Մենք այնպիսի շրջան ենք ապրում, երբ բոլորից պահանջվում են արագ ու իրավիճակային լուծումներ ու որոշումներ, համակարգված աշխատանք և փոխգործակցություն՝ հեռավար կրթությունը բոլորին հասանելի դարձնելու, կրթության ընդհատում թույլ չտալու, կրթության ոլորտի մասնագետներին առավելագույնս աջակցելու համար։ Այս և մի շարք այլ ծրագրերով վերահաստատում ենք մեր ընկերության՝տարիների պատասխանատու մոտեցումը։ Ձգտում ենք լինել այնտեղ, որտեղ կա մեր օգնության անհրաժեշտությունն ու հնարավորությունը։ Վստահ եմ, որ միասին կհաղթահարենք այս մարտահրավերն ու կվերադառնանք բնականոն կյանքի»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Հեռավար կրթության կազմակերպման առաջին օրերից, մարզերի հետ աշխատանքի արդյունքում, կարողացանք շատ արագ հավաքագրել այն երեխաների տվյալները, որոնք չունեն տեխնիկական միջոցներ` դասընթացներին մասնակցելու համար։ ԿԳՄՍՆ-ն համագործակցության կոչով դիմեց գործընկեր կազմակերպություններին. Վիվա-ՄՏՍ ընկերությունն առաջիններից էր, որ արձագանքեց մեզ` նախարարությանը, տրամադրելով 500 նոր սմարթֆոն։ Մենք որդեգրել ենք սարքերի տրամադրման հետևյալ սկզբունքը. ապահովել, նախ, սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքների դպրոցականներին։ Առաջին 50 հեռախոսները տրամադրվել են Շիրակի մարզի աշակերտներին։ Շնորհակալ ենք Վիվա-ՄՏՍ-ին` արագարձագանքելու և կրթության կազմակերպման գործում իր ներդրումն ունենալու համար»,-ասել է ՀՀ ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը։

Հիշեցնենք, որ մարզերից ստացված տվյալների համաձայն, ԿԳՄՍՆ-ն ազդարարել էր, որ հեռավար կրթություն ապահովելու համար, հանրապետության մարզերի դպրոցներում կա 24,000 սարքի անհրաժեշտություն։ Դրանց համալրման գործընթացում ներգրավվել են տարբեր ընկերություններ։ Իրականացվում են անհրաժեշտ քայլեր՝ օր առաջ բոլորին օգտակար լինելու համար։

———–

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share