Բաժին. Սոցիալական

ՇԱՀՈՂ ԿՏՐՈՆ – 78-ԱՄՅԱ ՊԱՊԻԿԸ ՇԱՀԵԼ Է ԿԵՍ ՄԻԼԻՈՆ

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեիղ «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ «Շահող կտրոն» վիճակահանության հենց հաջորդ օրը կոմիտե է շտապել 78-ամյա Էդուարդ Նավասարդյանը` շահած կտրոնը ձեռքին. վիճակահանության արդյունքում հայտնի դարձած 8 թվերից (69339110) 7-ը համընկնում էին, այսինքն` կես միլիոն է շահել:

Արդեն «ՎՏԲ-Հայաստան» բանկի գլխավոր մասնաշենքում խոշոր շահողը մանրամասներն էր պատմում լրագրողներին. «Ընտանիքով մեկ ամսում 82 տոմս ենք հավաքել: Թոռնուհուս կտրոնն է շահել. Թամարայիս այն տրվել է տան մերձակայքում գտնվող խանութում` 300 դրամ արժողությամբ պաղպաղակ գնելիս»: Շահած 500 հազար դրամից 10-ամյա թոռնուհին իր բաժինն է պահանջել` բջջային հեռախոս: Մնացած գումարով Նավասարդյանների ընտանիքը մտադիր է իր կարիքները հոգալ:

78-ամյա պապը խոստովանել է` մինչ հուլիսյան վիճակահանությունը թերահավատորեն էր տրամադրված. «Կտրոն տային` կվերցնեի, չտրամադրեին` չէի պահանջի»: Հուլիսի 7-ից հետո տրամադրվածությունը 180 աստիճանով փոխվել է. «Ես վճռական եմ` առևտրի և սպասարկման բոլոր օբյեկտներում պահանջելու եմ իմ կտրոնը` անկախ այն բանից 60 թե 60 հազար դրամի գնում կկատարվի: Բոլորին խորհուրդ կտամ նույնկերպ վարվել: Իսկ Պետեկամուտների կոմիտեի ղեկավարությանը, ՀԴՄ կտրոններով վիճակահանության կազմակերպիչներին և նախաձեռնողներին, խնդրում եմ, փոխանցեք մեր երախտագիտությունը. իրենց շնորհիվ հազար ու մի խնդիր կլուծենք»:

Share