Բաժին. Սոցիալական

ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ԲԱՑ ԵՂԱՆԱԿՈՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՄՏԵԼ Է ԱԿՏԻՎ ՓՈՒԼ

Deno Gold Mining Company ընկերության (սեփականատերը կանադական Dundee Precious Metals ընկերությունն է)  կողմից  շահագործվող Կապանի Շահումյանի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագիծը մտավ ակտիվ փուլ: Նախագծի հասարակական լսումներն արդեն նշանակվել են մայիսի 20-ին: Կապանի հասարակայնությունը խիստ անհանգստացած է: «Պայթյուններից հանքավայրի ծանր մետաղներով փոշին կնստի Կապանի վրա: Սիլիկոզով հիվանդ կլինեն բոլորը` ներառյալ երեխաները,- ասում է «Խուստուփ» ՀԿ-ի նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը,- մենք չենք պատրաստվում ձեռքներս ծալած նստել: Մարդիկ պետք է հասկանան, որ բաց շահագործում Կապանում անթույլատրելի է, դա Կապանի վերջն է»:

Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանն ասաց. «Հայաստանի Սահմանադրությունը երաշխավորում է առողջության եւ առողջ շրջակամիջավայրի իրավունք այդ թվում եւ մեզ` կապանցիներիս համար»: Կապանցիները գիտեն, թե ինչ է հանքավայրի փոշին առանց որեւէ մեկից լսելու: «Գրեթե յուրաքանչյուր ընտանիքում, որտեղ կան հանքերում աշխատողներ, կասիլիկոզ: Եւ հիմա, հիվանդանալու ռիսկի տակ կհայտնվի Կապանի ողջբնակչությունը հանուն ինչի՞, հանուն որոշ մարդկանց խմբի շահույթի՞»,- ասաց Ավագյանը:

Տեղի բնակիչները լավ ծանոթ են Շահումյանի հանքավայրին եւ վստահ են, որ փակ եղանակով շահագործումը ընկերությանը շահույթ կապահովի` պահպանելով Կապանը, որն արդեն իսկ գտնվում է էկոլոգիական աղետի շեմին: «Թող ընկերությունները շահույթ ստանան, բայց ոչ գերշահույթ մեր առողջության հաշվին»,- կարծում է «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի իրավախորհրդատու Արթուր Ղազարյանը:

Ի դեպ, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում բացակայում է Շահումյանի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործմաննախագծի վերաբերյալ` շրջակա միջավայրի վրա ազդեցության հասարակականլսումների մասին հայտարարությունը:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
Share