Բաժին. Սոցիալական

ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻ ԱՆՄԱՐ ԿՐԱԿԻ ՇՈՒՐՋ ԴՐՎԱԾ ԾԱՂԻԿՆԵՐԸ ՆՈՐԻՑ «ԿՅԱՆՔ» ԿԱՌՆԵՆ

Ապրիլի 24-ը համայն հայության համար հիշատակի օր է: Հազարավոր հայեր Սփյուռքից և Հայաստանից, ինչպես նաև բազմաթիվ օտարերկրացիներ Ծիծեռնակաբերդի բարձունքում իրենց հարգանքի տուրքն են մատուցում 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակին` Անմար կրակի մոտ թողնելով հարյուր-հազարավոր ծաղիկներ, որոնք խորհրդանշում են մեր ապրած անդառնալի կորստի ցավը:

Այս տարի  Հայոց Մեծ Եղեռնի 95-րդ տարելիցի առիթով Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իր հիմնական գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ հանդես եկավ մի շարք նախաձեռնություներով: Ապրիլ ամսվա ընթացքում իրականացնելով «Երկրի օրվա» շրջանակներում ընթացող միջոցառումներ` հիմնադրամն ապրիլի 22-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում հիմնված «Հիշողության պուրակը» համալրեց Արևմտյան Հայաստանից բերված 95 տնկիներով:

Ապրիլի 27-ին Հիմնադրամը խորհրդանշական միջոցառմամբ ամփոփեց Հայոց Ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Առաջին անգամ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և հիմնադրամի նախաձեռնությամբ և ջանքերով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Անմար կրակի շուրջ դրված ծաղիկները նորից «կյանք» կառնեն. ՎիվաՍել-ՄՏՍ-ի կամավորների, Արևորդիէկո-ակումբների սաների, հիմնադրամի աշխատակիցների, միջոցառմանը մասնակից մի շարք կազմակերպությունների և անհատների միջոցով ցողունները ծաղկի գլխիկներից խնամքով առանձնացվեցին` հետագայում Ծիշեռնակաբերդի հուշահամալիրի այգու համար պարարտանյութ դառնալու նպատակով, իսկ ծաղկի թերթիկները հատուկ պայմաններում կչորացվեն` հետագայում դառնալով վերամշակված թուղթ, ինչը կվերածվի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համար նախատեսված շնորհակալագրերի և հուշաթերթիկների:

Համագործակցելով Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ` Հիմնադրամը ոչ միայն մասնակցում էթանգարանի այգու խնամքին, այլև յուրովի վերաբերմունք է դրսևորում այն բոլոր մարդկանց հանդեպ, ովքեր մեծագույն հուզմունքով ծաղիկներ են դրել Ցեղասպանության հուշարձանին. հուշաթերթիներ, շնորհակալագրեր դարձած ծաղիկները թանգարանի հյուրերի, այցելուների համար մեր պայքարի ու ստեղծագործ գոյության խորհրդանիշը կլինեն:

Ուշագրավ է, որ կարևորելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի և հիմնադրամի այս գաղափարը` նախաձեռնությանը, որպես կամավորներ,միացել են Հայաստանում մի շարք կազմակերպությունների` «Սթար» սուպերմարկետների ցանցի, Երևանի պետական համալսարանի, ԵՊՀ Գավառի մասնաճյուղի, «Դեպի Հայք» բարեգործական հիմնադրամի, «Երիտասարդական նվաճումներ» հասարակական կազմակերպության աշխատակիցներ: Աշխատանքները ընթացա նհերթափոխով` վաղ առավոտից մինչ ուշ երեկո:

Միջոցառումն ընթանում էր «Կանաչ Սերունդ-2010» քարոզարշավի շրջանակներում, որն իրականացվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համագործակցաբար:

Share