Բաժին. Բորսաներ

Արթուր Վանեցյանը հիմնավոր է համարում Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հիմնավոր է համարում Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Վանեցյանն ասաց ապրիլի 26-ին լրագրողների հետ զրույցում:

«Հայաստանի Հանրապետությունում 2018 թ. ապրիլ ամսին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո որևէ գործ «կարելու», «սարքելու» և այլ նման դեպքեր չեն եղել: Մենք բոլորս կառուցում ենք իրավական պետություն, և ԱԱԾ-ն այդ գործում ունի իր առանցքային դերակատարությունը: Այն մեղադրանքը, որ առաջադրվել է Դավիթ Սանասարյանին, այս պահին ամբողջությամբ հիմնավորված է տարբեր մարդկանց ցուցմունքներով, կատարված առերեսումներով, բայց չխախտելով պարոն Սանասարյանի անմեղության կանխավարկածը, հորդորում եմ բոլորին` մի քիչ համբերել, երբ գործը կուղարկվի դատարան, և այնտեղ հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալու բոլոր այն ապացույցների հետ, որոնք ձեռք են բերվել քրեական գործի նախաքննության ընթացքում: Եվ հանրությունը կգնահատի այդ ապացույցների իսկությունը»,- ասաց Վանեցյանը:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը 2019 թվականի ապրիլի 18-ին Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից 18.04.2019թ. որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին: Դավիթ Սանասարյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ Դավիթ Սանասարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը դադարեցնելու վերաբերյալ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ապահովել Դավիթ Սանասարյանի՝Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին որոշման կատարումը, սակայն չի պատրաստվում պաշտոնանկ անել՝հարգելով անմեղության կանխավարկածը:

Share