Բաժին. Աշխարհ

ՎԵՐՋ GOOGLE-Ի ԵՎ APPLE-Ի ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ

Apple ընկերության կոցմից տարածված հայտարարության համաձայն Google ընկերության նախագահ Էրիկ Շմիդտը հեռանում է Apple ընկերության տնօրենների խորհրդի կազմից: Սույն քայլի պատճառը երկու ընկերությունների շահերի բախման հավանականությունն է:

Հիշեցնենք, որ Google-ը որպես գործունեության առաջնային ուղղություններ է հայտարարել բջջային հեռախոսների Android և համակարգիչների Google Chrome OS օպերացիոն համակարգերի ստեղծումն ու զարգացումը: Ակնհայտ է, որ սույն նախագծերը ուղղակիորեն հակամարտության մեջ են մտնելու Apple-ի կողմից արտադրվող iPhone հեռախոսների և  համակարգիչների MacOS օպերացիոն համակարգերի հետ:

Apple-ի նախագահ և գլխավոր տնօրեն Սթիվ Ջոբսը նշել է, որ Էրիկ Շմիդտը չափազանց մեծ գործ է կատարել Apple-ը հաջողակ ընկերություն դարձնելու համար, սակայն շահերի բախումից խուսափելու համար Շմիդտը ստիպված էր լինում բաց թողնել տնօրենների խորհրդի նիստերի մեծամասնությունը, ինչը և անհնարին էր դարձնում նրա արդյունավետ գործունեություն Apple-ում:

Հիշեցնենք, որ Էրիկ Շմիդտը Apple-ի տնօրենների խորհրդի կազմում էր 2006թ.-ի օգոստոս ամսից:

Share