Բաժին. Աշխարհ

ՆՈՒՐԻԵԼ ՌՈՒԲԻՆԻ – ԱՆՑՅԱԼԻ ՍԽԱԼՆԵՐՆ ՕԳՆԵՐՑԻՆ ԽՈՒՍԱՓԵԼ ԵՐԿՐՈՐԴ ՄԵԾ ԴԵՊՐԵՍԻԱՅԻՑ

Համաշխարհային տնտեսությանը հաջողվեց խուսափել երկրորդ Մեծ դեպրեսիայից շնորհիվ աշխարհի բոլոր երկրների կառավարությունների կողմից դրամավարկային քաղաքականության մեղմացմանը, բյուջետային կարգավորմանը և ֆինանսական համակարգին պետական աջակցության տրամադրմանն ուղղված միջոցառումների արդյունավետ իրականացման: Նման կարծիք է հայտնել ամերիկացի հայտնի տնտեսագետ Նուրիել Ռուբինին, ով դեռևս 2 տարի առաջ կանխատեսել էր  ֆինանսատնտեսական ճգնաժամը և նախանշել ճգնաժամի հիմնական ուղղվածությունները:

Տնտեսագետը ներկայիս ճգնաժամի հետ կապված իր հիմնական դիտարկումներն ու կանխատեսումները ներկայացրել է «Սայթաքման ուղի» հոդվածում, որտեղ նշում է, որ քաղաքական գործիչներին հաջողվել է խուսափել դեպրեսիայից, քանի որ իրենց բոլոր քայլերում նրանք հաշվի են առնում 1930-ական թվականների Մեծ դեպրեսիայի, ինչպես նաև Ճապոնիայում 1990-ական թվականներին գրանցված ճգնաժամի հաղթահարման փորձը և ամեն կերպ ձգտում են չկրկնել նախկինում թույլ տված սխալները:

Հոդվածում նշվում է, որ ներկայիս ճգնաժամի ամբողջ ընթացքում շրջանառվել է տնտեսական անկումը հաղթահարելու տարբեր սցենարներ, մասնավորապես առավել գերիշխող է եղել V-աձև զարգացման վարկածը (տնտեսական աճի արագ վերականգնում), իսկ որոշ տնտեսագետներ էլ առաջ են քաշել  U-աձև (տնտեսության դանդաղ, բայց կայուն վերականգնում) և W-աձև (երկակի անկում) զարգացման սցենարները, սակայն ներկայումս, վստահ է տնտեսագետը, կարևոր հիմնախնդիր է ոչ այնքան զարգացման սցենարի բնույթը, որքան հակաճգնաժամային ծրագրերից հրաժարվելու հաջորդական քայլերի և այդ քայլերն իրականացնելու ժամանակացույցի ճիշտ սահմանումը: Զարգացած տնտեսություն ունեցող երկրների կառավարությունների կողմից ներկայումս իրականացվող քաղաքականությունը, որը բնութագրվում է բյուջեի պակասուրդի շարունակական աճով և պետական պարտքի կուտակմամբ, ամերիկացի հայտնի տնտեսագետն անվանում է սայթաքում ուղի և նշում, որ ընդլայնող հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների համատեղումը ինչ-որ մի պահի անխուսափելիորեն կհանգեցնի ֆինանսական անկման, անկառավարելի գնաճի և վարկային շուկայում նոր համակարգային խնդիրների:

Այսպիսով, Ռուբինին առաջ է քաշում այն գաղափարը, որ ներկայիս համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում տնտեսական քաղաքականության գլխավոր հարցադրումներն են` երբ և ինչպես հրաժարվել տնտեսական գործընթացներում պետական միջամտությունից և ինչ ճանապարհով անցնել զսպող հարկաբյուջետային քաղաքականության սկզբունքներին: Տնտեսագետի կարծիքով դրամավարկային և հարկաբյուջետային խթանիչներից հրաժարվելու գործընթացի արագ իրականացման արդյունքում, երբ սպառողական պահանջարկը վերջնականապես չի վերականգնվել, երկրները կարող են կանգնել գների տատանման և տնտեսական  անկման նոր խնդրի առջև: Այս սխալը, ինչպես նշում է Ռուբինին, Ճապոնիայի կառավարությունը թույլ էր տվել  1998-2000 թվականներին, իսկ ԱՄՆ-ն` 1937-1939 թվականներին:

Ամերիկացի տնտեսագետն, անդրադառնալով համաշխարհային տնտեսության վերականգնման  հնարավորություններին, նշում է, որ առավել կարևոր է հակաճգնաժամային ծրագրերից հրաժարվելու ճիշտ ռազմավարության ընտրությունը, քանի որ չնչին սխալն անգամ իր մեջ պարունակում է W-աձև (երկակի անկում) զարգացման սցենարով նոր ճգնաժամի խորացման վտանգ:

Share