Բաժին. Աշխարհ

APPLE-Ի ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ ԵՆ ԲՈԼՈՐ ՍՊԱՍՈՒՄՆԵՐԸ

Համակարգչային «հսկա» ամերիկյան Apple ընկերությունն ամփոփել է ընթացիկ ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները` գերակատարելով բոլոր «համեստ» կանխատեսումներն ու սպասումները: Նման զարգացումն, ըստ վերլուծաբանների, պայմանավորված է առաջին հերթին համաշխարհային շուկայում ընկերության արտադրության iPhone սմարթֆոնների նկատմամբ պահանջարկի շարունակական աճով:

2010-2011 ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով Apple ընկերության զուտ շահույթը կազմել է 7,31 մլրդ ԱՄՆ դոլար, որը շուրջ երկու անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը: Միևնույն ժամանակ, ընկերության իրացումից հասույթն աճել է  82 տոկոսով և կազմել 28,6 մլրդ ԱՄՆ դոլար:

Նշենք, որ հաշվետու այս երեք ամիսների ընթացքում ամբողջ աշխարհում վաճառվել է 20,3 մլն iPhone սմարթֆոն: Ինչ վերաբերում է iPad պլանշետ-համակարգիչներին, ապա վերջիններիս նույնպես վայելում են մեծ պահանջարկ: Հաշվետու եռամսյակում ընկերությունը վաճառել է 9,25  մլն iPad:

Ինչպես նշվում է ընկերության հրապարակած ամփոփ ֆինանսական հաշվետվության մեջ` հաշվետու եռամսյակում Apple-ի արտադրանքը շարունակել է առավել մեծ պահանջարկ վայելել ասիական երկրներում:

Share