Բաժին. Աշխարհ

ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ ՆԿԱՏՎՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹԻ ՊԱԿԱՍՈՒՐԴ

Բելառուսական բանկերի բանկոմատները չեն տրամադրում բելառուսական ռուբլի: Որոշ բանկեր ընդհանրապես «արգելում են» բանկոմատների միջոցով կանխիկ գումարի ստացումը, իսկ որոշ բանկեր էլ սահմանում են գումարային սահմանափակումներ: Այսպես, «բելառուսական» բանկոմատները «չեն թույլատրում» մեկ գործարքով ստանալ 300 հազար բելառուսական ռուբլուց ավելի գումար, որը համարժեք է մոտ 60 ԱՄՆ դոլարին: Ինչպես նշում են ռուսական լրատվամիջոցները` ստեղծված իրավիճակի «մեղավորը» Բելառուսի Ազգային բանկն է: Վերջինիս չի բավարարում առևտրային բանկերի` կանխիկ գումարի պահանջարկը: Արդյունքում, Բելառուսում զարգացող արժութային ճգնաժամի պայմաններում երկրում նկատվում է տեղական արժույթի պակասուրդ:

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին Բելառուսի Ազգային բանկը ազգային արժույթը ենթարկել էր դևալվացիայի: Վերջինս ուղղված էր արտաքին անհամամասնությունների ուղղմանը և ներքին արժութային շուկայի կարգավորմանը, սակայն առաջացել էր սպառողական իրարանցում: Արդյունքում, Բելառուսի կառավարությունը «ստիպված» սառեցրել էր մի շարք սպառողական ապրանքների գները` բնակչության մոտ ձևավորված գնաճային սպասումները և խանութներում տիրող իրարանցումը կանգնեցնելու նպատակով: Միևնույն ժամանակ, այս երկրի կառավարությունը արգելել էր նաև որոշ ապրանքների արտահանումը:

Լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով Բելառուսի կառավարությունն արդեն իսկ դիմել է ԵՎՐԱԶԵՍ-ին և ԱՄՀ-ին:

Share