Բաժին. Աշխարհ

BMW-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 11 ԱՆԳԱՄ

Գերմանական BMW ընկերությունն ամփոփել է 2010 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության ներկայացրած ֆինանսական հաշվետվության համաձայն, հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 11.2 անգամ և կազմել 874 մլն եվրո:2009 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով BMW-ի զուտ շահույթը կազմել էր 78 մլն եվրո:

Հաշվետու եռամսյակում գերմանական ավտոարտադրողի հասույթն աճել է 35,6%-ով և կազմել 15.96 մլրդ եվրո, իսկ շահույթը մինչև հարկումն աճել է 10,8 անգամ և կազմել 1,36 մլրդ եվրո:

Նշենք նաև, որ ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների արդյունքներով BMW-ի զուտ շահույթը կազմել է 2,03 մլրդ եվրո` տարեկան կտրվածքով աճելով շուրջ 43,2 անգամ: Ինչպես նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ` հաշվետու ժամանակահատածում հիմնական ֆինանսական ցուցանիշների աճը պայմանավոված է ինչպես վաճառքի ծավալների աճով, ինչպես նաև համաշխարհային ավտոշուկայում ընկերության դիրքերի ամրապնդմամբ:

BMW (Bayerische Motoren Werke) AG-ն եվրոպական հնագույն ավտոարտադրող ընկերություններից մեկն է: Այն հիմնադրվել է 1916 թվականին: Ընկերությունն այսօր հայտնի է այնպիսի բրենդներով, ինչպիսիք են BMW-ն, MINI-ն, Rolls-Royce Motor Cars-ը:

Share
BMW