Բաժին. Աշխարհ

BMW-Ի ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է ՇՈՒՐՋ 4 ԱՆԳԱՄ

Գերմանական խոշոր ավտոարտադրող ընկերություններից մեկը` Bayerische Motoren Werke AG-ն (BMW), ամփոփել է 2011 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները` գրանցելով հիմնական ֆինանսական ցուցանիշների զգալի աճ: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն, հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է ավելի քան 3.7 անգամ` կազմելով  1.212 մլրդ եվրո: Նշենք, որ 2010 թվականի առաջին երեք ամիսների արդյունքներով BMW-ի զուտ շահույթը կազմել էր 324 մլն եվրո: Միևնույն ժամանակ, 2011 թվականի հունվար-մարտ ամիսների արդյունքներով BMW-ի հասույթն աճել է 28,9%-ով` կազմելով 16,037 մլրդ եվրո` 2010 թվականի այս նույն ժամանակահատվածում գրանցված 12,443 մլրդ եվրոյի դիմաց:

Հատկանշական է, որ BMW ընկերության ղեկավարությունն, ամփոփելով ընկերության եռամսյակային ֆինանսական ցուցանիշները, նշել է, որ ընկերությանը հաջողվել է ապահովել ֆինանսական ցուցանիշների զգալի աճ` պայմանավորված Չինաստանում ընկերության արտադրության լյուքս դասի ավտոմեքենաների պահանջարկի աճով, ինչպես նաև ԱՄՆ-ում BMW-ի վաճառքի ծավալների ընդլայնմամբ: BMW ընկերության ղեկավարությունը նախատեսում է 2011 թվականին համաշխարհային ավտոշուկայում իրացնել 1.5 մլն ավտոմեքենա:

Bayerische Motoren Werke AG-ն եվրոպայի ամենահին ավտոարտադրողներից է: Ընկերությունը հիմնադրվել էր 1916 թվականին: Այժմ BMW-ն տնօրինում է լյուքս դասի երեք բրենդներ՝ BMW, MINI և Rolls-Royce Motor Cars:
Share
BMW