Բաժին. Աշխարհ

BMW-Ի ՏԱՐԵԿԱՆ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 15 ԱՆԳԱՄ

Գերմանական խոշոր ավտոարտադրող ընկերություններից մեկը` BMW-ն, ամփոփել է 2010 թվականի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն, հաշվետու այս մեկ տարվա արդյունքներով նախորդ տարվա համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է ավելի քան 15 անգամ և կազմում է 3,23 մլրդ եվրո: Նշենք, որ 2009 թվականի արդյունքներով BMW-ի զուտ շահույթը կազմել էր 210 մլն եվրո: Միևնույն ժամանակ, 2010 թվականի արդյունքներով BMW-ի հասույթն աճել է 19,3%-ով` կազմելով 60,48 մլրդ եվրո` 2009 թվականին գրանցված  50,68 մլրդ եվրոյի դիմաց:Չհարկված շահույթն այս նույն ժամանակահատվածում կազմել է 4,83 մլրդ եվրո` մեկ տարվա ընթացքում աճելով շուրջ 11,7 անգամ:
Հատկանշական է, որ BMW ընկերության ղեկավարությունն, ամփոփելով ընկերության տարեկան ֆինանսական ցուցանիշները, նշել է, որ ընկերությանը հաջողվել է գերազանցել իր սեփական ռեկորդները, մասնավորապես մաքուր շահույթի, չհարկված շահույթի և հասույթի ցուցանիշների գծով: Նման հաջող արդյունքների կապակցությամբ BMW-ի խորհուրդը ծրագրում է բաժնետերերի ամենամյա ժողովում քննարկել մեկ սովորական բաժնետոսմի համար վճարվող դիվիդենտների հավանական աճի հարցը:
Նշենք նաև, որ 2010 թվականի արդյունքներով գերմանական ընկերությունը գրանցել է վաճառքի ծավալների զգալի աճ առավելապես Ռուսաստանի, Հարավային Կորեայի, Բրազիլիայի, Հնդկաստանի և Թուրքիայի զարգացող շուկաներում:
Bayerische Motoren Werke AG-ն եվրոպայի ամենահին ավտոարտադրողներից է: Ընկերությունը հիմնադրվել էր 1916 թվականին: Այժմ BMW-ն տնօրինում է «լյուքս» դասի երեք բրենդներ՝ BMW, MINI և Rolls-Royce Motor Cars:
Share
BMW