Բաժին. Աշխարհ

ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԱՇԽԱՐՀԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ

Հրապարակվել է 2010 թվականի արդյունքներով  բջջային կապի աշխարհի խոշորագույն օպերատորների վարկանիշը, որտեղ ընդգրկվել են տարեկան հասույթի մակարդակով առավել հաջողակ ընկերությունները: Այսպես, վարկանիշի առաջին հորիզոնականում հայտնվել է China Mobile չինական հեռահաղորդակցական կորպորացիան: Վերջինս 2010 թվականի արդյունքներով ապահովել է 74.741 մլրդ դոլարի հասույթ: Աշխարհի «հարուստ» բջջային կապի օպերատորների առաջին հնգյակում են նաև բրիտանական Vodafone (տարեկան հասույթը` 72.534 մլրդ դոլար), ամերիկյան Verizon Wireless-ը (63,407 մլրդ դոլար), ֆրանսիական Orange-ը (60,064 մլրդ դոլար), որը ներկայացված է նաև Հայաստանում, և գերմանական T-mobile (54,484 մլրդ դոլար):
Նշենք նաև, որ այսօր Հայաստանում ներկայացված բջջային կապի մյուս երկու օպերատորները` ռուսական ՄՏՍ-ը և «Վիմպելկոմ»-ը (ապրանքանիշը` Beeline), նույնպես հայտնվել են աշխարհի խոշորագույն բջջային կապի օպերատորների վարկանիշում` զբաղեցնելով համապատասխանաբար 20-րդ և 21-րդ հորիզոնականները:
ՄՏՍ-ի տարեկան հասույթը կազմել է 11.3 մլրդ դոլար, իսկ «Վիմպելկոմ»-ը 2010 թվականի արդյունքներով ապահովել է 10.5 մլրդ դոլարի հասույթ:
Share