Բաժին. Աշխարհ

CITIGROUP-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 24%-ՈՎ

Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի արդյունքնեերով ամերիկյան խոշորագույն ֆինանսական կառույցներից մեկը` Citigroup բանկը, գրանցել է հիմնական ֆինանսական ցուցանիշների աճ: Բանկի հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ բանկի զուտ շահույթն աճել է 24%-ով և կազմել 3,34մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ շահույթը կազմել է 1,09 ԱՄՆ դոլար՝ գերազանցելով փորձագետների սպասումները: Նշենք նաև, որ հունվար-հունիս ամիսներին Citigroup-ի հասույթն աճել է 15%-ով և կազմել 40,3 մլրդ ԱՄՆ դոլար:

Նշենք, որ Citigroup բանկային խումբը հիմնադրվել է 1812 թվականին: Վերջինիս գրասենյակները տեղաբաշխված են աշխարհի 100 երկրներում: Citigroup-ը մեծ «հեղինակություն» ունի ԱՄՆ ֆինասական համակարգում և բանկային հատվածում: Այս բանկային խումբն իր ակտիվների մեծությամբ ԱՄՆ-ի երրորդ խոշորագույն բանկն է: 2010 թվականի վերջի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 1.9 տրիլիոն դոլար:

Հիշեցնենք, որ Citigroup-ին մեծ դժվարությամբ հաջողվեց 2008 թվականին խուսափել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում հնարավոր ֆինանսական փլուզումից: Բանկին «փրկեց» ԱՄՆ ֆինանսների նախարարությունը` այս ֆինանսական կառույցին տրամադրելով 45 մլրդ դոլարի ֆինանսական աջակցություն:

Share