Բաժին. Աշխարհ

ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ «ՍՊԱՌՆՈՒՄ Է» ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԻՆ

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով լուրջ խնդիրների առջև հայտնված Եվրամիությունը փորձում է եվրոպական բանկային համակարգի վերահսկողության ուժեղացման միջոցով ապահովագրել իրեն նման նոր հավանական զարգացումներից: Այսպես, հերթական ճգնաժամային ռիսկերից ապահովագրելու նպատակով Եվրահանձնաժողովը հաստատել է նոր օրինագիծ, որը պարտադրում է եվրոպական բանկերին համապատասխանել կապիտալի և իրացվելիության միջազգային նոր ստանդարտներին («Բազել 3»):

Հատկանշական է, որ «Բազել 3»-ի պահանջներից բացի Եվրամիությունը եվրոպական բանկերի համար կսահմանի բավականին խիստ պատժամիջոցներ` իրացվելիության պահանջին չբավարարելու, տեղեկատվություն թաքցնելու, ինչպես նաև չարդարացված վարկային ռիսկեր ստանձնելու դեպքերում: Նախատեսվում է, որ այս և այլ նմանատիպ խախտումների դեպքում Եվրահանձնաժողովը բանկերին կտուգանի մի քանի մլրդ դոլարի հասնող գումարներով: Չի բացառվում նաև, որ բանկերի համար սահմանված տույժի գումարը կարող է կազմել բանկի տարեկան համախառն հասույթի 10%-ը:

Share