Բաժին. Աշխարհ

FOREX CLUB – ՊՂՆՁԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՍՊԱՌՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃՈՒՄ ԵՆ

Պղնձի արտադրության համաշխարհային ծավալներն աստիճանաբար աճում են` նախ և առաջ պայմանավորված տնտեսության մի շարք ճյուղերում, մասնավորապես էլեկտրոնիկայի արտադրության, կապի, ավտոարտադրության, շինարարության և սպառողական ապրանքների արտադրության այլ ոլորտներում այս մետաղի սպառման ծավալների աճով: Վերջին 50 տարիների կտրվածով պղնձի արտադրության համաշխարհային ծավալներն աճել են տարեկան միջինը 6%-ով: 2009 թվականի արդյունքներով պղնձի համաշխարհային արտադրության ծավալը կազմել է 18,3 մլն տոննա: Նշենք, որ նախորդ տարվա արդյունքներով պղնձի արտադրությամբ աշխարհի առաջատար հինգ երկրներն են Չինաստանը, Չիլին, Ճապոնիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը: Ընդհանուր առմամբ, պղնձի համաշխարհային արտադրությունն ըստ աշխարհագրական բաշխվածության ունի հետևյալ տեսքը. Ասիա (43%), Ամերիկա (32%), Եվրոպա (19%), Աֆրիկա (4%): Ինչ վերաբերում է պղնձի արդյունահանմամբ աշխարհի առաջատար երկրներին, ապա այստեղ գերակայում են Չիլին, Պերուն, ԱՄՆ-ն, Չինաստանը, Ինդոնեզիան, Ավստրալիան:
2009 թվականի արդյունքներով պղնձի ներմուծման ծավալներով առաջատար է Չինաստանը, որտեղ պղնձի սպառման մասնաբաժինը կազմել է 35,6%: Այնուհետև, Չինաստանին հաջորդում են Ճապոնիան, Արևմտյան Եվրոպայի և Աֆրիկայի երկրները, որոնց նախորդ տարվա աևդյունքներով բաժին է ընկնում համապատասխանաբար  5,53%, 14,18% և 11,17%: Նշենք նաև, որ համաշխարհային տնտեսության հիմնական ճյուղերը, որտեղ առավել շատ է օգտագործվում պղինձ, դրանք էլեկտրոնիկայի և կապի (42%), շինաևարության (28%), մեքենաշինության (12%), արդյունաբերական մեքենաշինության (9%), սպառողական շուկայի (9%) ոլորտներն են:
2010 թվականի մարտ ամսից համաշխարհային շուկայում նկատվում է պղնձի պակասուրդ: Համաշխարհային տնտեսության վերականգնումը և արդյունաբերական արտադրության ծավալների աճն աշխարհի առաջատար երկրներում նպաստեցին պղնձի սպառման ծավալների աճին: Պղնձի համաշխարհային հետազոտական խմբի (ICSG) տվյալների համաձայն` ընթացիկ տարվա մարտ-հունիս ժամանակահատվածում պղնձի համաշխարհային սպառման ծավալները գերազանցել են արտադրությունը ամսական համապատասխանաբար 116 հազար, 72 հազար, 97 հազար և 84 հազար տոննայով: Այս ժամանակահատվախում պղնձի սպառման ծավալների աճն առավելապես պայմանավորված է մի շարք երկրներում պղնձի նկատմամբ պահանջարկի աճով, մասնավորապես, Չինաստանում պղնձի նկատմամբ պահանջարկն աճել է 1,8%-ով, Եվրամիության անդամ երկրներում` 11,7%-ով, Ճապոնիայում` 37%-ով և ԱՄՆ-ում` 4,9%-ով; Այսօր այս չորս երկրներին բաժին է ընկնում պղնձի սպառման համաշխարհային ծավալների  71%-ը: Չիկագոյի բորսայում տարեսկզբից պղնձի գինն աճել է 12,49%-ով և կազմել 3,84 դոլար մեկ ֆունտի դիմաց:
Forex Club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանի գնահատամամբ` պղնձի սպառման ծավալներով առաջատար երկրներում այս մետաղի նկատմամբ պահանջարկը կշարունակի աճել մինչև տարեվերջ: Ըստ կանխատեսումների` պղնձի սպառման ծավալներով աշխարհում առաջին տեղում հայտնված Չինաստանում ընթացիկ տարվա արդյունքներով կգրանցվի ՀՆԱ-ի 10,5% աճ, իսկ ԱՄՆ-ում, Ճապոնիայում և ԵՄ-ում տարեվերջին կգրանցվի ՀՆԱ-ի աճ` համապատասխանաբար 2,6%, 2,7% և 1,6%: Forex Club-ի կանխատեսումների համաձայն` 2010 թվականի վերջին պղնձի գինը կաճի և կկազմի  3,994 դոլար մեկ ֆունտի դիմաց, որը շուրջ  4%-ով գերազանցում է ընթացիկ արժեքը:
Սպասվում է, որ հաջորդ տարի նույնպես պղնձի սպառման ծավալները կաճեն, և կգերազանցեն արտադրության ծավալները շուրջ 435 հազար տոննայով: Սա նույնպես կարող է պատճառ հանդիսանալ, որ պղինձը առաջիկայում հասնի իր նախկին` 2008 թվականին գրանցված առավելագույն մակարդակին` մեկ ֆունտի դիմաց 4,27 դոլար:
Share