Բաժին. Աշխարհ

FOREX CLUB – ՑՈՐԵՆԻ ԳՆԵՐԸ ԹԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ

Ցորենի գինը հունվարի 19-26-ն ընկած ժամանակահատվածում աճել է 6.85%-ով և կազմել 8.469 դոլար մեկ բուշելի դիմաց: Ցորենի գնի բարձրացումը տեղի է ունեցել հիմնականում ԱՄՆ դոլարի փոխարժեքի նվազման պատճառով: Ցորենի գնի աճին նպաստել է նաև ԱՄՆ-ի Գյուղատնտեսության նախարարության հաշվետվությունը, որի համաձայն, հունվար ամսին ցորենի համաշխարային արտադրությունը կնվազի 0.11%-ով և կկազմի 645.82 միլիոն տոննա:

Forex Club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանը գտնում է, որ ցորենի գինը միջնաժամկետ հատվածում կլինի հաստատուն դրական: Նման կանխատեսման պատճառ է հանդիսանում համաշխարային շուկայում ցորենի կանխատեսվող պակասուրդը և Ավստրալիայում տեղի ունեցող ջրհեղեղները:

Ըստ վերլուծաբանի` առաջիկա շաբաթում ցորենի գինը կտատանվի 8.12-8.72 սահմանում:

Share