Բաժին. Աշխարհ

ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ ՀՈՒՍԱԼԻ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է. ԵՄ-Ը ՄՇԱԿԵԼ Է ՓՐԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

Բրյուսելում հրավիրված ԵՄ արտահերթ գագաթաժողովի ժամանակ Եվրամիության անդամ երկրների  ղեկավարները վերջնական համաձայնության են եկել եվրոպական ճգնաժամը կանխելու ծրագրի շուրջ: Վերջինս նախատեսում է Հունաստանի պարտքի վերակազմավորում և դրա արդյունքում ֆինասական կայունության ապահովում: Հակաճգնաժամային այս ծրագրի շրջանակներում, մասնավորապես, նախատեսվում է ԵՄ-ի և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից Հունաստանի կառավարությանը ևս 109 մլրդ եվրոյի ֆինանսական աջակցության տրամադրում: Հատկանշական է, որ «փրկության» այս երկրորդ ծրագրի շրջանակներում ենթադրվում է նաև, որ առևտրային բանկերն ու անհատ ներդրողները նույնպես կմասնակցեն Հունաստանի «փրկության» գործընթացին` տրամադրելով շուրջ 37 մլրդ եվրոյի ֆինանսական օգնություն:

Նշենք, որ եվրոպական պարտքային ճգնաժամը կանխելու նոր ծրագրի շրջանակներում մեծ ուշադրություն է դարձվել ֆինանսական կայունության ապահովմանը: Ենթադրվում է, որ այս նպատակով նախատեսվող միջոցառումները և հունական պարտքի վերակազմավորման աշխատանքները ԵՄ ֆինանսական կայության ապահովման համակարգի գործունեությունը կդարձնեն առավել ճկուն և արդյունավետ:

«Պատմական հարց»

Վերջին ժամանակահատվածում, եվրոպական պարտքային խնդիրներով պայմանավորված, համաշխարհային արժութային շուկայում եվրոյին փոխաժեքը զգալի անկում է գրանցել: Նման պայմաններում նվազել է նաև ներդրողների և շուկայի մասնակիցների վստահությունը եվրոյի հանդեպ: Այս կապակցությամբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ԵՄ չի կարող գոյություն ունենալ առանց միասնական արժույթի: «Մենք կանգած ենք պատմական խնդրի առջև: Պետք է ամեն կերպ «փրկել» եվրոն, քանի որ վերջինիս գոյությունը շահավետ է բոլորին: Այն հանդիսանում է Գերմանիայի տնտեսական հաջողության գրավականը, և ԵՄ-ի գոյությունը հնարավոր չէ պատկերացնել առանց միասնական արժույթի՝ եվրոյի: Այս իսկ պատճառով անհրաժեշտ է բոլոր ջանքերն ուղղել եվրոյի պահպանմանը»,- հայտարարել է Անգելա Մերկելը:

Հիշեցնենք, որ Հունաստանն` իր ֆինանսական խնդիրներով, հայտնվել էր ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում դեռևս 2009 թվականին աշնանը, երբ երկրի պետական բյուջեի պակասուրդը հատեց այս երկրի համար ռեկորդային` ՀՆԱ-ի 12%-ի սահմանագիծը: Հետագայում, hամաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված, Հունաստանի պարտքային խնդիրներն էլ առավել սրվեցին, և երկրի կառավարությունը ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով դիմեց Արժույթի Միջազգային Հիմնադրամին (ԱՄՀ) և Եվրամիությանը:

Share