Բաժին. Աշխարհ

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ՖԻՆԱՆՍԻՍՏԸ «ՓԱԿՈՒՄ Է» ԻՐ ՀԵՋ-ՖՈՆԴԸ

Ամերիկացի միլիարդատեր և հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսը որոշում է ընդունել հեռանալ իր հիմնադրած հեջ-ֆոնդի ղեկավարի պաշտոնից և զբաղվել միայն ընտանեկան ակտիվների կառավարմամբ: Սպասվում է, որ Ջորջ Սորոսի հեջ-ֆոնդը հետ կվերադարձնի  «օտար» ներդրողներին իրենց ֆինանսական բոլոր միջոցները:

Նշենք, որ Ջորջ Սորոսն իր Soros Fund Management հեջ-ֆոնդը հիմնադրել է 1969 թվականին: Ներկայումս հեջ–ֆոնդի կառավարման տակ գտնվում են շուրջ 25,5 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ ակտիվներ, որոնցից ընդամենը 1 մլրդ ԱՄՆ դոլարն է պատկանում կողմնակի ներդրողներին: Մնացած ակտիվները պատկանում են Սորոսին և նրա ընտանիքի անդամներին:

Փորձագետները գտնում են, որ Ջորջ Սորոսի որոշումը` հեռանալ հեջ-ֆոնդի ղեկավարի պաշտոնից և զբաղվել միայն ընտանեկան ակտիվների կառավարմամբ, կապված է ԱՄՆ ֆինանսական համակարգի վերահսկողության ոժեղացման և կարգավորման նպատակով իրականացվող բարեփոխումների ծրագրի հետ: Վերջինս նախատեսում է նաև հեջ-ֆոնդերի գործունեության հետ կապված տեղեկատվության հրապարակում և ողջ եկամուտների հայտարարագրում: Միևնույն ժամանակ, այս նույն բարեփոխումային ծրագրով նախատեսվում է «մեղմ վերաբերմունք» ընտանեկան ֆոնդերի նկատմամբ:

Ջորջ Սորոսն, ով հաջորդ ամիս կդառնա 81 տարեկան, 90-ականներին հայտնի էր որպես «անսկզբունքային  սպելուլյանտ»: Նրա անունը հայտնի դարձավ ողջ աշխարհին, երբ 1992 թվականին բրիտանական ֆունտի դևալվացիային արդյունքում «աշխատեց» ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլար:

Այժմ Սորորսը զբաղվում է բարեգործությամբ, ուսումնասիրում է ֆինասնական ճգնաժամի առաջացման պատճառները, գրում է գրքեր:

Share