Բաժին. Աշխարհ

LEHMAN BROTHERS ԲԱՆԿԻ ՓԼՈՒԶՈՒՄԸ ՃԱՊՈՆԻԱՅԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՎԵԼ ԱՎԵՐԻՉ Է ԵՂԵԼ, ՔԱՆ ԱՅՍ ՎԵՐՋԻՆ ԵՐԿՐԱՇԱՐԺԸ

Ամերիկյան Lehman Brothers բանկի փլուզումը, որով և 2008 թվականին «մեկնարկեց» համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, Ճապոնիայի համար առավել ավերիչ ու վնասաբեր էր, քան անցյալ ամիս այս երկրում գրանցված երկրաշարժը: Նման եզրակացության են եկել Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության (ՏՀԶԿ) վերլուծաբանները: Վերջիններս վստահեցնում են, որ մարտի 11 –ին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հասցրած վնասները չի կարելի համեմատել Lehman Brothers-ի փլուզման հետևանքով առաջացած վնասների հետ: Ներկայիս տվյալների համաձայն` երկրաշարժի հասցրած վնասը կազմում է 302 մլրդ ԱՄՆ դոլար, ընդ որում այս աղետի հետևանքով Ճապոնիայում արտադրությունը կրճատվել է 2,5 %-ը: Lehman Brothers բանկի փլուզման հետևանքով ճապոնական արտադրությունը կրճատվել էր 20%-ով: 

Ենթադրվում է, որ 2011թ.-ին Ճապոնիայի ՀՆԱ-ն կկազմի 0,8%: Միևնույն ժամանակ, կանխատեսվում է, որ կառավարության աջակցության շնորհիվ 2012թ.-ին այս ցուցանիշը կաճի մինչև 2.3%:

Նշենք, որ երկրաշարժը տեղի ունեցավ տնտեսական ճգնաժամից վերականգնման փուլում: Տուժած տարածքների վերականգնման, միջուկային «վարակի» կանխարգելման, էլեկտրոէներգիայի խափանված մատակարարման վերականգնման և ավտոմոբիլային արտադրության խթանման ուղղությամբ ճապոնական կառավարության մեծ ծախսերը բացասաբար են անդրադառնում Ճապոնիայի տնտեսության վրա:

Share