Բաժին. Աշխարհ

ՃԱՊՈՆԻԱՅԻ ԵՎ ԱՄՆ-Ի ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՄԻԱՎՈՐԵԼ ԻՐԵՆՑ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՆԵՐԸ

Ճապոնիայի ու ԱՄՆ-ի խոշորագույն բորսայական օպերատորները՝ NYSE Euronext-ը և Տոկիոյի ֆոնդային բորսան,  բանակցություններ են վարում միավորված ցանց ստեղծելու ուղղությամբ, ինչը թույլ կտա մի օպերատորի հաճախորդներին առևտուր անել այն արժեթղթերով, որոնք գրանցված են մյուս օպերատորի հարթակում: Bloomberg-ի տվյալների համաձայն, ԱՄՆ-ն և Ճապոնիան իրենց հարթակներում գրանցված ընկերությունների կապիտալիզացիայով գրավում են աշխարհում առաջին տեղերը՝ 16,3 տրիլիոն դոլար և 4,21 տրիլիոն դոլար համապատասխանաբար:

Հիշեցնենք, որ փետրվարին NYSE Euronext-ը և գերմանական Deutsche Boerse-ն նախնական պայմանավորվածություն էին ձեռքբերել միավորման մասին, ինչը կբերի ֆոնդային բորսայի և ածանցյալ արժեթղթերի շուկայի` աշխարհում խոշորագույն օպերատորի ստեղծմանը:

Ավելի վաղ NYSE Euronext-ն հնարավորություն էր ընձեռել Մալայզիայից, Ֆիլիպիններից, Սինգապուրից և Թայլանդից ներդրողներին գործարքներ կատարել ԱՄՆ-ում գրանցված արժեթղթերով:

Նախատեսվում է նաև, որ Տոկիոյի ֆոնդային բորսան, NYSE-ի հետ առևտրային հարթակները միավորելուց հետո, կընդլայնի իր ցանցը դեպի Հոնգ Կոնգ, Սինգապուր և Ավստրալիա:

Share