Բաժին. Աշխարհ

ՆՈՒՐԻԵԼ ՌՈՒԲԻՆԻ – ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄՆ ԸՆԹԱՆՈՒՄ Է U-ԱՁԵՎ ՍՑԵՆԱՐՈՎ

Պորտուգալիան շուտով կհետևի Հունաստանի և Իռլանդիայի օրինակին և ֆինանսական աջակցության խնդրանքով կդիմի Եվրամիությանը: Նման կարծիք է հայտնել ամերիկացի հայտնի տնտեսագետ Նուրիել Ռուբինին` Ռուսաստանում ընթացող «Ռուսաստան 2011» ֆորումի շրջանակներում: Տնտեսագետը, միևնույն ժամանակ. վստահություն է հայտնել, որ զարգացած երկրներում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի կրկնվելու հավանականության ռիսկերն աստիճանաբար նվազում են:
Նուրիել Ռուբինին նշել է, որ համաշխարհային տնտեսության վերականգնման գործընթացը կընթանա U-աձև սցենարով (աստիճանական, բայց դանդաղ վերականգնում), որը առավելապես պայմանավորված է եվրոպական երկրներում ձևավորված արմատական հիմնախնդիրներով:
Անդրադառնալով զարգացող երկրների տնտեսությունների վերականգնման գործընթացի առանձնահատկություններին, ամերիկացի տնտեսագետը նշել է, որ այս երկրների համար թիվ մեկ հիմնախնդիրը գնաճի աճող տեմպերն են և ձևավորված գնաճային սպասումները: Այս պայմաններում զարգացող երկրներն, ըստ տնտեսագետի, ստիպված են անցում  կատարել զսպող դրամավարկային քաղաքականության:
Share