Բաժին. Աշխարհ

ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅՏՆԻ ՆԵՐԴՐՈՂԸ «ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ Է» ԱՌԱՋԱԴԵՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ

Facebook սոցիալական ցանցի առաջին ներդրողներից մեկը և, միևնույն ժամանակ, PayPal  վճարային համակարգի հիմնադիրը` Պիտեր Ֆիլը (Peter Thiel),  մինչև 20 տարեկան առաջադիմական և բիզնես գաղափարներ ունեցող երիտասարդներին տրամադրել է 100 հազար դոլարի գրանտային ֆինանսավորում` հնարավորություն տալով վերջիններիս զարգացնել  սեփական նորարարական բիզնես գաղափարները:  Հատկանշական է, որ գրանտները սկսնակ երիտասարդ գործարարներին տրմադրվել է մեկ պայմանով` երիտասարդները առաջիկա երկու տարիների ընթացքում չպետք է այցելեն դպրոց կամ համալսարան և պետք է զբաղվեն միայն աշխատանքով: Նման կերպ ՏՏ ոլորտում հայտնի ներդրողը փորձելու է ապացուցել, որ հաջողության գրավականը լավ գաղափարներն են, և բարձագույն կրթությունն էական նշանակություն չունի:
Ինչպես տեղեկացնում է Thiel Foundation հիմնադրամի պաշտոնական կայքէջը` Պիտեր Ֆիլն իր այս նախաձեռնության շրջանակներում  ընտրել է 24 երիտասարդ ձեռներեցների, ովքեր պատրաստակամություն են հայտնել չշարունակել իրենց ուսումը և առաջիկա երկու տարվա ընթացքում կաշխատեն իրենց բիզնես-նախագծերի վրա` տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարական կառավարման ոլորտների առաջատար մասնագետների անմիջական վերահսկողության ներքո:
Նշենք, որ Պիտեր Ֆիլի այս նախաձեռնությունը մեծ արձագանք էր գտել ամբողջ աշխարհում: Գրանտային ծրագրերին մասնակցության հայտ էին ներկայացրել ավելի քան 400 երիտասարդներ` աշխարհի շուրջ 20 երկրներից: Արդյունքում, Պիտեր Ֆիլի հավանությանն են արժանացել այնպիսի բիզնես-նախագծեր, որոնք վերաբերում է կրթական տեխնոլոգիաներին, վերականգնվող էներգետիկային, բջջային տեխնոլոգիաներին, ռոբոտաշինությանն ու տիեզերագնացությանը:
Share