Բաժին. Աշխարհ

ՌՈՒԲԻՆԻ – ԶԱՐԳԱՑԱԾ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԴՐՍԵՎՈՐԵՆ U-ՁԵՎ, ԶԱՐԳԱՑՈՂՆԵՐԸ` V-ՁԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Առաջիկա տարիներին զարգացած երկրները զարգացող երկրների համեմատությամբ կդրսևորեն տնտեսական աճի առավել ցածր տեմպեր: Նման կանխատեսում է ներկայացրել հայտնի տնտեսագետ, Նյու-Յորքի համալսարանի պրոֆեսոր Նուրիել Ռուբինին, ում գնահատմամբ` զարգացած տնտեսությունները, ներառյալ նաև ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, կդրսևորեն վերականգնման առավել դանդաղ միտումներ և կունենան U-ձև զարգացում, մինչդեռ զարգացող երկրներում տնտեսական զարգացումը կընթանա V-ձև տարբերակով: Ռուբինիի խոսքերով` ներկայումս Չինաստանն, ասիական զարգացող երկրները և Լատինական Ամերիկայի երկրներն այսօր գտնվում են տնտեսական առավել բարենպաստ պայմաններում:

Խոսելով ամերիկյան հիփոթեքային շուկայի հնարավոր զարգացումների մասին` ամերիկացի տնտեսագետը նշել է, որ անշարժ գույքի գները երկրում կշարունակեն նվազել:

Ինչ վերաբերում է եվրոպական տարածաշրջանի տնտեսական զարգացման խնդիրներին` Ռուբինին կարծիք է հայտնել, որ ԵՄ-ը լուրջ քայլեր պետք է ձեռնարկի իր մրցունակության պահպանման և ԵՄ անդամ մի շարք երկրների, մասնավորապես Հունաստանի, Իսպանիայի, Պորտուգալիայի պարտքային խնդիրների լուծման տեսանկյունից:

Նշենք նաև, որ Նուրիել Ռուբինին, ով, դեռևս երկու տարի առաջ կանխատեսելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը և նրա զարգացման ուղղությունները, դարձել է աշխարհի ամենահայտնի տնտեսագետներից մեկը, ֆինանսատնտեսական ճգնաժամի կրկնվելու հավանականությունը գնահատում է 40%:

 

Share