Բաժին. Աշխարհ

ՆՈՒՐԻԵԼ ՌՈՒԲԻՆԻ – ԱՄՆ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԵՑՆԵԼ ՆՈՐ ՃԳՆԱԺԱՄԻ

Համաշխարհային տնտեսության միտումները թույլ են տալիս եզրակացնել, որ ճգնաժամի երկրորդ ալիքն անխուսափելի է: Նման կարծիք է հայտնել ամերիկացի հայտնի տնտեսագետ Նուրիել Ռուբինին, ով դեռևս 2 տարի առաջ կանխատեսել էր ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամը և նախանշել ճգնաժամի ազդեցության հիմնական ուղղությունները: 

Ռուբինիի գնահատմամբ` այս տարվա մարտից համաշխարհային շուկայում նկատվող հիմնական միտումները, մասնավորապես ռիսկային ակտիվների պահանջարկի աշխուժացումը, դոլարի դիրքի թուլացումը և ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգի վարած դրամավարկային քաղաքականության արդյունքում ԱՄՆ պետական պարտատոմսերի տոկոսադրույքների կայունությունն` իրենց ցածր մակարդակում, ստեղծում են հիմքեր ենթադրել, որ համաշխարհային տնտեսությանը սպառնում է ճգնաժամի երկրորդ ալիքը: 

Ռուբինին նշում է, որ առավելապես զարգացող շուկաներում ռիսկային ակտիվների նկատմամբ հետաքրքրվածության վերականգնումը մեծամասամբ պայմանավորված է տնտեսական իրավիճակի բարելավմամբ: Զարգացած երկրների համատեղ ջանքերի շնորհիվ, անշուշտ, հնարավոր է եղել խուսափել սուր ճգնաժամից: Առաջատար երկրների կառավարությունների կողմից տնտեսության տարբեր հատվածներ ուղղված լայնածավալ դրամական միջոցները, հարկային ազդակները և բանկային համակարգի փրկման նպատակով իրականացվող ծրագրերը տվել են դրական արդյունքներ: Այժմ, տնտեսագետի կարծիքով, առավել կարևոր է պարզել, թե տնտեսության վերականգնումն ինչ սցենարով կընթանա: 

Ռուբինին վստահ է, որ համաշխարհային տնտեսության վերականգնումը կընթանա U-աձև սցենարով, որը ենթադրում է տնտեսության վերականգնման առավել դանդաղ տեմպերին զուգընթաց ակտիվների գների առավել բարձր աճ: 

Դեռևս անցյալ տարի դոլարի փոխարժեքի աճն ուղեկցվում էր ակտիվների գների շարունակական անկմամբ, և այժմ ակտիվների գները դրսևորում են աճ` դոլարի անկմանը զուգընթաց, ընդ որում մակրոտնտեսական ցուցանիշների համեմատությամբ ռիսկային ակտիվների գները գրանցում են կայուն և առավել արագ աճ:

Նման երևույթի դրսևորման հիմնական գործոններից մեկը, ամերիկացի տնտեսագետի բնորոշմամբ, դա դոլարի թուլացումն է: Դոլարն այն հիմնական արժույթներից մեկն է, որն օգտագործվում է քրոս փոխարժեքներով գործարքների կնքման համար, և այժմ, երբ ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգը հայտարարել է, որ դեռևս երկար ժամանակ տոկոսադրույքները պահպանվելու են ցածր մակարդակի վրա, ներդրողները, կարճ դիրքում շահույթի ստանալու նպատակով ցածր տոկոսադրույքների պայմաններում ձեռք են բերում դոլար և այդ միջոցներով գնում ռիսկային ակտիվներ: 

Այսպիսով, ԱՄՆ կառավարության այն վստահությունը, որ դոլարի փոխարժեքի անկումը ԱՄՆ արժեթղթերի շուկայի վրա թողնում է դրական ազդեցություն` նպաստելով արժեթղթերի գների աճին և ընկերությունների ֆինանսական ցուցանիշների բարելավմանն, իրական չէ: Դոլարի անկումը կարող է հանգեցնել ռիսկային ակտիվների գների կտրուկ աճի, ինչ, ինքնին, հանդիսանում է նոր ճգնաժամի առաջացման պատճառ:

Share