Բաժին. Աշխարհ

ՆՈՒՐԻԵԼ ՌՈՒԲԻՆԻ – ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՆՈՐ «ՓՈԹՈՐԻԿ»

Համաշխարհային տնտեսությանը սպառնում է նոր «կատարյալ փոթորիկ»: Նման հայտարարությամբ հանդես է եկել ամերիկացի հայտնի տնտեսագետ Նուրիել Ռուբինին, ով դեռևս մի քանի տարի առաջ ճշգրտորեն կանխատեսել էր 2008 թվականին ամբողջ աշխարհը ցնցած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն ու վերջինիս կործանիչ ընթացքը:
Տնտեսագետը, պարզաբանելով իր այս դիտարկումը, նշել է, որ «Կատարյալ փոթորիկ»-ը դա այնպիսի իրավիճակ է, երբ միաժամանակ ի հայտ եկող մի շարք անբարենպաստ հանգամանքներ կարող են տանել աղետալի իրավիճակի առաջացման: Հայտնի տնտեսագետը աղետալի իրավիճակի առաջացման հավանականությունը գնահատում է 30%-ի սահմաններում:
Նրա կարծիքով` «կատարյալ փոթորիկի» առաջացման պատճառ կարող են դառնալ ԱՄՆ ֆինանսական խնդիրները, Չինաստանի տնտեսության աճի տեմպերի կրճատումը, Եվրոպայի «պարտքային» ճգնաժամը և Ճապոնիայի տնտեսական լճացումը:
Նշենք, որ Նուրիել Ռուբինին հանդիսանում է Նյու-Յորքի Համալսարանի պրոֆեսոր և համարվում է աշխարհի վատատես-կանխատեսողներից մեկը:
Share