Բաժին. Աշխարհ

ՆՈՒՐԻԵԼ ՌՈՒԲԻՆԻ – ՆԵՐԴՐՈՂՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԺՈՒՅԹԻՆ

Համաշխարհային շուկաները դեռևս վստահ չեն, որ Հունաստանի կառավարությունն ի վիճակի է լուծել ռեկորդային ծավալների հասնող պետական պարտքի սպասարկման հետ կապված խնդիրները: Նման կարծիք է հայտնել Նյու-Յորքի համալսարանի պրոֆեսոր, ամերիկացի հայտնի տնտեսագետ Նուրիել Ռուբինին` նշելով, որ Հունաստանի խնդիրները կոտրել են ներդրողների վստահությունը եվրոյի նկատմամբ:

Տնտեսագետի խոսքերով` այն, ինչ կատարվում է Եվրագոտում, կարելի է բնորոշել որպես համաշխարհային ֆինանսական ճգնաժամի երկրորդ ալիք: Նուրիել Ռուբինիի գնահատմամբ` Եվրամիության կողմից Հունաստանի համար ֆինանսական աջակցության փաթեթի հաստատումը դեռևս բավարար չէ համաշխարհային շուկաների կայունացման համար, քանի որ առավել կարևոր հարց է առաջանում` արդյոք այս երկրի կառավարությունն ի վիճակի է իրականացնել անհրաժեշտ բոլոր քայլերը:

Ամերիկացի տնտեսագետը նաև վստահ է, որ եվրոպական որոշ երկրներ, մասնավորապես Իսպանիան և Պորտուգալիան, նույնպես ունեն վճարունակության խնդիրներ, ինչն, ըստ տնտեսագետի, խոսում է այն մասին, որ Եվրագոտու ֆինանսական և տնտեսական խնդիրները կքննարկվեն դեռևս երկար ժամանակ:

 

Share