Բաժին. Աշխարհ

ՌՈՒԲԻՆԻ – ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԻՐԵՆՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿԽՈՍԵՆ ՆԱԵՎ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՆ ԵՎ ԻՍՊԱՆԻԱՆ

Եվրոպական հաջորդ երկիրը, որն Իռլանդիայից հետո կդիմի Եվրամիության ֆինանսական աջակցությանը, դա Պորտուգալիան է: Նման հայտարարությամբ հանդես է եկել ամերիկացի հայտնի տնտեսագետ, Նյու-Յորքի համալսարանի պրոֆեսոր Նուրիել Ռուբինին: Ինչպես հաղորդում են պորտուգալական լրատվամիջոցները, տնտեսագետը, գնահատելով Եվրոպայում ստեղծված իրավիճակը, նշել է, որ Պորտուգալիայի ֆինանսական խնդիրներն արդեն իսկ հասել են իրենց ծայրագույն մակարդակին, և հավանականությունը, որ Պորտուգալիայի կառավարությունը ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով կդիմի Եվրամիությանը, աստիճանաբար աճում է:

Խոսելով Իսպանիայի մասին` Նուրիել Ռուբինին նշել է, որ այս երկիրը մոտ ապագայում նույնպես դիմելու է Եվրամիության օգնությանը, սակայն Իսպանիայի պարագայում խնդիրը լուրջ է. Իսպանիայի տնտեսությունը բավականին մեծ է, որպեսզի սննկանա, և շատ ավելի մեծ է, որպեսզի Եվրամիությունը կարողանա սննկացումից փրկել: 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին, Եվրագոտու անդամ երկրների ֆինանսների նախարարների արտահերթ նիստի շրջանակներում հաստատվել էր Իռլանդիային ֆինանսական աջակցություն տրամադրելու նախագիծը: Նախատեսվում է, որ 85 մլրդ եվրո ընդհանուր ծավալով վարկային միջոցները կուղղվեն երկրի բանկերին ֆինանսական աջակցության տրամադրմանը: Վարկը կտրամադրվի 6% տոկոսադրույքով:

Իռլանդիայում ճգնաժամը խորացավ այս տարվա նոյեմբերին: Սկզբնական շրջանում երկրի կառավարությունը հայտարարեց, որ կարող է միայնակ հաղթահարել իր բյուջետային խնդիրները, սակայն հետագայում դիմեց ԱՄՀ և ԵՄ ֆինանսական աջակցությանը: 

Իռլանդիայի կառավարությունը, միջազգային կառույցների պահանջով, արդեն մշակել է բյուջետային ծախսերի կրճատման նոր նախագիծ: Առաջիկա չորս տարիներին Իռլանդիայի կառավարությունը մտադիր է կրճատել երկրի բյուջեի պակասուրդը 15 մլրդ եվրոյով:  Նոր մշակված ռազմավարության շնորհիվ Իռլանդիան մտադիր է երկրի բյուջեի պակասուրդը հասցնել ՀՆԱ-ի 3% մակարդակին:

Նշենք, որ ընթացիկ տարվա արդյունքներով Իռլանդիայի բյուջեի պակասուրդն, ըստ կանխատեսումների, կարող է հատել երկրի ՀՆԱ-ի 22% մակարդակը, ինչը ԵՄ-ի համար ռեկորդային ցուցանիշ է:

Share