Բաժին. Աշխարհ

ՏՀԶԿ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԳՆԱՃՆ ԱՐԱԳԱՆՈՒՄ Է ԱՆՆԱԽԱԴԵՊ ՏԵՄՊԵՐՈՎ

Տնտեսական Համագործակցման և Զարգացման Կազմակերպության (ՏՀԶԿ) անդամ երկրներում փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ սպառողական գներն աճել են 2,4%-ով: Այս ցուցանիշն ամենաբարձրն է` 2008 թվականի հոկտեմբերից ի վեր: Հատկանշական է, որ գնաճի տեմպերն այս երկրներում շարունակում են արագանալ. հունվարին գնաճը կազմում էր 2,2%:  Նշենք, որ գնաճի արագացումը պայմանավորված է պարենի և էներգակիրների գների աճի տեմպերի համապատասխանաբար 3%-ից 10,1% և 2,6%-ից 8,4% աճով: Փետրվարին գնաճն, առանց պարենի և էներգակիրների հաշվառման, եղել է կայուն և կազմել է 1,3%:
Միայն ԱՄՆ-ում գնաճը կազմել է 2,1%: Մեծ Բրիտանիայում գնաճը 4,4% է` նախորդ ամսվա 4%-ի դիմաց: Իտալիայում ցուցանիշը 2,1%-ից  հասել է  2,4%-ի, Գերմանիայում՝ 2%-ից 2,1%-ի: Սպառողական գների աճի տեմպերի դադարեցում է գրանցվել Կանադայում` մինչև 2,2%, Ֆրանսիայում՝  մինչև 1,7%, իսկ Ճապոնիայում գներն արդեն երեք ամիս շարունակ չեն փոփոխվում:
ՏՀԶԿ-ն աշխարհի առաջատար տնտեսական կազմակերպություններից է, որի կազմում ընդգրկված են աշխարհի 30 զարգացած երկրները:
Share