Բաժին. Աշխարհ

ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է. ԵՐԿՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆ ՎՏԱՆԳՎԱԾ Է

ԱՄՆ պետական պարտքի վերին սահմանի բարձրացման հարցի լուծման ընթացքում պետք չէ առաջնորդվել քաղաքական հայացքներով և «խաղալ» ամերիկյան տնտեսության հետ: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` կոչ անելով կոնգրեսականներին արագ լուծում տալ ԱՄՆ-ի ապագային «սպառնացող» այս հարցին: ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ պետական պարտքի վերին սահմանի բարձրացման և բյուջեի պակասուրդի կրճատման ուղղությամբ երկարաժամկետ ծրագրի չհաստատման պարագայում երկրին սպառնում է վարկային վարկանիշի իջեցում: Նման զարգացումն, ըստ Բարաք Օբամայի, կվտանգի ամերիկյան տնտեսության ապագան:

ԱՄՆ պետական պարտքի վերին սահմանի բարձրացման հարցը պետք է վերջնական լուծում ստանա մինչև օգոստոսի 2-ը, սակայն հանրապետականներն ու դեմոկրատները ոչ մի կերպ չեն կարողանում վերջնական համաձայնության գալ հարցի շուրջ: ԱՄՆ Ֆինանսների նախարարության հայտարարության համաձայն` ԱՄՆ պետական պարտքը ներկայումս հասել է պատմության մեջ աննախադեպ մակարդակի, և եթե մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 2-ը ԱՄՆ պետական փոխառությունների վերին սահմանը չբարձրացվի, ապա պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ում կկիրառվի տեխնիկական դեֆոլտ:

Share