Բաժին. Աշխարհ

ՌՈԲԵՐՏ ԶԵԼԻԿ – ՊԱՐԵՆԱՅԻՆ ԳՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ԱՃԵԼ

Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զելիկը կանխատեսել է պարենային գների հետագա աճ` նշելով, որ պարենային գներն արդեն իսկ հատել են «վտանգավոր գոտին»: ՀԲ նախագահի խոսքերով` պարենային գների հետագա աճը կարող է պատճառ դառնալ ամբողջ աշխարհում աղքատության խորացման և աղքատ բնակիչների թվաքանակի կտրուկ աճի: Այս ամենը, ըստ կանխատեսումների, կարող է հանգեցնել աշխարհի մի շարք երկրներում քաղաքական անկայունության` պայմանավորված սոցիալական անհավասարակշռությամբ:

Ինչպես նշվում է Համաշխարհային բանկի զեկույցում` 2010 թվականի արդյունքներով նախորդ տարվա համեմատությամբ ամբողջ աշխարհում գրանցվել է պարենային ապրանքների գների շուրջ 29% աճ: Այս ցուցանիշը միայն 3%-ով է պակաս 2008 թվականին արձանագրված արդյունքից, երբ համաշխարհային տնտեսությունը «մուտք գործեց» ֆինանսական ճգնաժամ:

ՀԲ ղեկավարի գնահատմամբ` պարենային ապրանքների գների աճն առավել բացասական ազդեցութուն կարող է թողնել զարգացող տնտեսությամբ երկրներում, քանի որ զարգացող տնտեսության համար առավել բնութագրական է սպառողների զամբյուղում պարենային ապրանքների գերակայությունը:

Share