Բաժին. Բիզնես

Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի մասնակցությամբ բացվել է ՌԻՈ առևտրի կենտրոնը. ներդրումների ծավալը կազմել է 40 մլն դոլար

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, որտեղ ներկա է գտնվել աշխարհահռչակ ֆրանսիական «Շնայդեր Էլեկտրիկ» ընկերության, ռուսական «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներդրմամբ ստեղծված «Կասկադ էներգո-Տաշիր-ՀԱՊՀ» գերազանցության կենտրոնի բացման արարողությանը:

Հանրապետության Նախագահը կրթության և գիտության նախարարի, համալսարանի ռեկտորի, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի, խմբի կազմում ընդգրկված «Հայաստանի էլեկտրական ցանցեր», ինչպես նաև «Կասկադ-էներգո» ընկերությունների ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել նորաբաց ինովացիոն կենտրոնում, ծանոթացել բարձր և միջին լարման էլեկտրականության բաշխման լաբորատորիայի, Էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման և հսկման համակարգի ուսումնական կենտրոնի և լսարանների պայմաններին: Սերժ Սարգսյանին ներկայացրել են նաև համակարգի ներդրումից հետո ակնկալվող հիմնական արդյունքները:

Նշվել է, որ լաբորատորիաների ստեղծմամբ տասնյակ ուսանողներ ու երիտասարդ գիտնականներ հնարավորություն կունենան իրենց մասնագիտական հմտությունները զարգացնել և ծանոթանալ էներգետիկայի ու ավտոմատացման ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաներին։ Կենտրոնի ստեղծումը կխթանի նաև Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների, գիտելիքահենք արդյունաբերական արտադրության զարգացմանը: Պատասխանատուների հավաստմամբ, ծրագրի շրջանակում «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից կիրականացվի կրթաթոշակների տրամադրում ՀԱՊՀ Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ու Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտների՝ 2016-2017 թվականների ուսումնական տարվա արդյունքներով գերազանց առաջադիմություն ունեցող 55 ուսանողի:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան այցելությունից հետո Հանրապետության Նախագահը Երևանի քաղաքապետի, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի, այլ պաշտոնատար անձանց ու հյուրերի հետ Երևանի Արաբկիր վարչական շրջանում ներկա է գտնվել «Տաշիր» ընկերությունների խմբի մեկ այլ ձեռնարկի՝ ռուսաստանյան խոշորագույն «Ռիո» ցանցի մաս կազմող «Ռիո մոլ» առևտրի և ժամանցի կենտրոնի բացման արարողությանը: Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 40 մլն ԱՄՆ դոլար: Պատասխանատուների հավաստմամբ, «Ռիո»-ի բացմամբ կապահովվի շուրջ 500 նոր աշխատատեղ:

Share